Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հայկական կողմի հատուկ բանագնաց, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախօրեին հայ-թուրքական պետական սահմանին Թուքիայի բանագնաց եւ դիվանագետ Սերդար Քըլըչի հետ հանդիպումը որակել է «լավ»։
Նա X-ի իր էջում գրել է․ «Հայաստան- Թուրքիա սահմանին լավ հանդիպում ունեցա Սերդար Քըլըչի հետ։ Վերահաստատեցինք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ համաձայնեցրեցինք վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք թույլ կտան մեր երկրների միջեւ երկաթուղային կապի գործարկում իրականացնել»։
Բանակցություններից հետո թուրք բանագնացն էլ X-ում գրել էր․ «Հանդիպումների մեր հինգերորդ փուլն անցկացրել ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանամերձ շրջանում՝ առավոտյան հայկական կողմում, իսկ օրվա երկրորդ կեսը թուրքական կողմում։ Մենք կառուցողական փոխըմբռնմամբ քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները եւ հետագա առաջընթացի հնարավորությունները»։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները գրեթե նույն բովանդակությունը ունեցող հաղորդագրություններ տարածեցին հանդիպումից հետո։
Հաղորդագրություններում նշվում էր, որ բանակցություններն անցկացվել են սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում եւ ավելացվում, որ կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նաեւ Նշվում էր, որ բանագնացները «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաեւ փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»։