Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը խստագույն ձեւով է պատժվելու Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։
«Սիոնիստական ոճրագործ եւ ահաբեկչական ռեժիմը մեր տան ներսում նահատակեց մեր սիրելի հյուրին եւ սգի մատնեց մեզ, բայց ճանապարհ հարթեց նրան դաժանորեն պատժելու համար։ Նահատակ Հանիեն տարիներ շարունակ քաջաբար սուրբ պայքար է մղել եւ պատրաստվել նման մահվան՝ այդ ճանապարհին զոհաբերելով իր զավակներին ու սիրելիներին։ Նա չէր վախենում Ալլահի ճանապարհին մահանալուց եւ Ալլահի ծառաների փրկությունից։ Բայց այս դառը եւ ծանր ողբերգության մեջ, որը տեղի ունեցավ մեր հողի վրա, մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել Իրանի Իսլամական Հանրապետության հողի վրա նահատակությամբ մահն ընդունողի արյան համար»,-ասվում է Խամենեիի հայտարարության մեջ, որը մեջբերում է նրա գրասենյակը։
Իսրայելի համար «ցավոտ հետեւանքներ» խոստացել է նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդի սպանության մասին, ով Թեհրան էր ժամանել Իրանի նորընտրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, շարժումը հայտնել էր ժամեր առաջ։
«Եղբայր, առաջնորդ, մոջահեդ Իսմայիլ Հանիեն, շարժման առաջնորդը, սպանվել է Թեհրանում գտնվող իր շտաբի վրա սիոնիստների հարձակման հետեւանքով՝ Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո»,-ասվում էր ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության տեքստում։
Իսրայելական կողմը դեռեւս որեւէ հայտարարություն չի տարածել տեղի ունեցածի հետ իր առնչության մասին։