Վրաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում շրջադարձային կլինի, եթե Վաշինգտոնը փոխադարձ քայլեր ձեռնարկի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է վրաց-ամերիկյան հարաբերություններին, ապա մենք սպասողական ռեժիմում ենք։ Մենք լիովին պատրաստ ենք հարաբերությունների վերագործարկմանը։ Դուք գիտեք, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում շատ բան է վնասվել այս հարաբերություններում, եւ, համապատասխանաբար, հարաբերությունները վերագործարկման կարիք ունեն։ Մենք բացարձակապես պատրաստ ենք սրան, գլխավորն այն է, որ տեսնենք պատասխան քայլերը։ Հենց որ փոխադարձ քայլեր ձեռնարկվեն, այդ հարաբերություններում անմիջապես շրջադարձային կետ կլինի»,-ասել է Կոբախիձեն։
ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները սկսեցին զգալիորեն վատթարանալ, երբ մայիսին վրացական խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը: ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հուլիսի 5-ին հայտարարեց ամռանը նախատեսված վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու մասին՝ դրանք պայմանավորելով ռազմավարական հարաբերությունների վերանայման գործընթացով։