Հանրային ռադիոն նոր ղեկավար ունի։ Տնօրեն է ընտրվել Ազատություն ռադիոկայանի լրագրող Արմեն Քոլոյանը։
Քոլոյանը երկար տարիներ Պրահայում է բնակվում, տեղի հայ երեխաների համար շաբաթօրյա դպրոց է բացել։ Վարչապետ Փաշինյանի հետ Քոլոյանի Պրահայի հանդիպումից գիտենք, որ նա կողմ է խաղաղությանը, համերաշխությանն ու արժանապատվությանը եւ դեմ է «Ստամբուլն արյան ծով» դարձնելուն։ Քոլոյանի թեկնածության ու հավանական հաղթանակի մասին խոսվում էր շաբաթներ առաջ։
Մի պահ դադար առնելով՝ նշենք, որ Հայաստանի ներկա իրականության մեջ առավել քան ներդաշնակ էր, որ նախապատերազմյան ոչմիթիզական Նիկոլ Փաշինյանի օրոք Հանրային ռադիոյի տնօրեն ընտրվեր ոչմիթիզական Գարեգին Խումարյանը, իսկ հիմա ընտրվում է համերաշխության, խաղաղության ու արժանապատվության ջատագով Արմեն Քոլոյանը։ Սա որպես ընդհանրացում, թե ովքեր եւ ինչ միջավայրում են պաշտոն ստանում ու պաշտոնազրկվում։
Բայց գանք հանրային խնդիրներին։ Քոլոյանի թեկնածության հավանականության մասին առաջինը հայտնել էր Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, տնօրենի թեկնածու Գարեգին Խումարյանը, որը խորհրդի անդամներին, նախագահին ու ռադիոյի տնօրենի թեկնածուներին մեղադրում էր իշխանության հրամանները կատարելու, ընտրությունների գործընթացը կապկելու եւ արժեզրկելու համար։ Կարճ ասած՝ հանրային ռադիոն «հանրությունից գողանալու» եւ իշխանության ուղղակի սպասարկու դարձնելու մեղադրանք էր հնչեցնում։
Խումարյանի եւ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի, միջեւ հակասությունը երեւաց եւ նրա վերընտրության անհնարինության մասին առաջին անգամ իմացանք Փաշինյանի՝ ՀՌ-ի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցից հետո։ Վերջինս Թուրքիայի դեմ պահանջատիրությունը համեմատում էր կարմիր շորի հետ, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ցլերի, որոնց մենք՝ Հայաստանը, գրգռում ենք՝ չհրաժարվելով այդ «շորից»։
Խումարյանը հրապարակավ ներողություն խնդրեց ռադիոյի ունկնդիրներից։ Ըստ նրա՝ հարցազրույցը «լավ ժուռնալիստիկա չէր» եւ լրագրողը քննադատական մոտեցում չի ունեցել հարցազրույց տվող Փաշինյանի նկատմամբ։ Եվ հավելեց, որ ինքն էլ է դեմ այդ «կարմիր շորը» փոխելու գաղափարին։ Հետո արդեն, ամիսներ անց, ակնարկեց իշխանության կողմից իր հանդեպ ճնշումների, ստուգումների ու դատական գործերի մասին։ Ըստ նրա՝ այդ արշավն ակտիվ փուլում է 2021 թվականից՝ պատերազմին հաջորդող ամիսներից։
Լրագրողի հարցին, թե ինչու մինչեւ այդ չի խոսել հակասություններից, ինչու է հենց այդ հարցազրույցի առիթով հիշել Փաշինյանի «հակասահմանադրական» հայտարարությունները, երբ դրանք բազմաթիվ էին նույնիսկ մինչեւ այդ հարցազրուցը, նա նշել է, որ ինքը միայն իր ռադիոյում հնչած մտքերի պատասխանատուն է։
Այսինքն՝ իր խնդիրը Փաշինյանի հետ ոչ թե ընդհանրապես գաղափարական է, այլ հանրային ռադիոյի եթեր Փաշինյանի բերած բովանդակության հետ է։ Դրանից դուրս ինքը, փաստորեն, խնդիր չունի եւ հետաքրքրված չէ։ Ավելին՝ հարցին թե ովքեր են իրեն ճնշել, ինչպես եւ խնդրանքին՝ բացահայտել այդ մեխանիզմները, նա խորհուրդ է տվել կարդալ իր՝ ապագայում լույս տեսնելիք, գիրքը։
Ուշադրություն դարձնենք իրավիճակին, Խումարյանը, որ խոսում է հանրային շահից, որ նշում է, թե հանրային ռադիոն՝ որպես հանրային հեռարձակող, պատկանում է հանրությանը եւ պետք է սպասարկի հանրային շահը, հրաժարվում է իր իսկ լուման ներդնել հանրությանը տեղեկացնելու այն գործիքների ու պետական կառույցների կամ իշխանության ներկայացուցիչների քայլերի մասին, որով նրան փորձել են հակել դեպի «պատվերային լրագրություն»։
Խումարյանը, որը խոսում է տեղեկատվական ավտոկրատիաների մասին (բնականաբար ակնարկելով Հայաստանը), հրաժարվում է տեղեկատվական այդ ավտոկրատիայի դեմ հենց հիմա՝ այս փուլում պայքարել եւ մեզ՝ ընթերցողներիս, ուղարկում իր ապագա գիրքը գնելու ու կարդալու։
Տրամաբանական չէ՞ արդյոք, որ իշխանության չարաշահումների, ճնշումների դեմ պայքարի լավագույն միջոցը լինի գործող անձանց ու մեխանիզմների բացահայտումը, այդ մեթոդների ու գործիքների ճանաչումը, թաքնված հարկադրանքի ապարատի քողազերծումը եւ, ի վերջո, այդ ամենի հանրայնացումը, եթե, իհարկե, հանրությունը իրավունք ունի այդ ամենն իմանալու։ Իսկ իմանալ, կարծում եմ, հանրությունը իրավունք ունի, որպեսզի ճանաչի թե ովքե՞ր են իր թշնամիները, ովքե՞ր են լռության ու գաղտնիության մթնոլորտում կառուցում տեղեկատվական ավտոկրատիա։
Խումարյանը՝ նշելով, որ պատասխանատու է ի՛ր եթերի համար, փաստորեն ասում է, որ պատասխանատու չէ այլ եթերների ու դրանց բովանդակության համար։ Բայց նույնիսկ իր իսկ եթերում թույլ է տալիս այնպիսի անարգանք լրագրության հանդեպ, որը ոչ միայն «լավ ժուռնալիստիկա չէ», այլեւ դժվար է նույնիսկ որակյալ միտք կոչել եւ պարունակում է ուղղակի դավադրապաշտություն եւ ատելության խոսք։
Օրինակ՝ «Թուրքերն ունեն գենետիկ կոդ՝ ուղղված մեր դեմ․ վերլուծաբան» վերտառությամբ հարցազրույցում՝ տեղադրված հանրային ռադիոյի կայքում [22.09.2021], հյուրը նշում է. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ Արցախում, վաղուց մշակված՝ կառավարելի քաոտիկ իրավիճակների տեխնոլոգիա է՝ համոզված է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ՝ անգլոսաքսերի մշակած այդ տեխնոլոգիաները հիմնականում ներդրվում են ԱՊՀ երկրներում, նպատակը մտավոր ու հոգեւոր «ենթակառուցվածքները» քայքայելն է, ինչից հետո արդեն պետություն գոյություն չի կարող ունենալ՝ բացատրում է։ Նրան վտանգավոր են թվում ապաշրջափակման վերջին սցենարները։ Դրա քողի տակ փորձագետը լիակատար շրջափակման ռիսկ է տեսնում։ Թուրքիան հակագենետիկ կոդ ունի հայկական էթնոսի նկատմամբ, դա ակնհայտ է նաեւ հիմա՝ վերջին բոլոր զարգացումների ժամանակ»։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը վատ լրագրություն է եւ արժանի է հատուկ արձագանքի, իսկ Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանի «անգլոսաքսերն» եւ «ԱՊՀ երկրներում մտավոր ու հոգեւոր ենթակառուցվածքների քայքայումը» ՝որպես դավադրապաշտական, հակագիտական ու քարոզչական պնդումներ, պարկեշտ, խորազնին, բարձրաբովանդակ ու պրոֆեսիոնալ լրագրություն է, որը բխում է հանրության շահերից եւ մատուցվում հանրային ռադիոյի եթերից։
Ի վերջո, եթե Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուն՝ խոսելով իր եթերի բովանդակությունից, բայց չանրադառնալով այլ եթերներին, շեշտում է, որ դա իր «մասնավոր տնօրինության» զոնան է եւ ինքն այլոց եթերների պատասխանատուն կամ քննադատը չէ, ապա ազնիվ կլինի նաեւ այն մոտեցումը, որ այլք պատասխանատու չեն եւ չեն հետաքրքրվի հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուի մասնավոր գաղափարական հակումներով եւ ընտրության գործընթացի փոփոխություններով։
Չէ՞ որ, որքան էլ ասվի, թե հանրային ռադիոն հանրային է, բոլորն էլ հասկանում են՝ Հայաստանի պես երկրում թե՛ հանրային հեռուստաընկերությունը, թե՛ հանրային ռադիոն պետական ինստիտուտներ են՝ պետյուջեից ֆինանսավորվող, պետական պահպանության տակ գտնվող, պետության հետ պարտադիր պայմանագրեր ունեցող եւ պետության այդ օրվա իշխանության «քմահաճույքները» կատարող։
Դրանք իշխանության այսպես կոչված «ներքին» կամ «մասնավոր» գործն են, որտեղ իշխանության ներկայացուցիչները՝ «հանրային հեռարձակողի խորհրդի» անդամները, իշխանության թեկնածուին միաձայն քվեարկելով ուղղակի կատարում են իրենց «աշխատանքային պարտականությունները» ու ենթարկվում են օրվա «ողջախոհության» հրամայականին՝ «ոչմիթիզական» ղեկավարին փոխարինելով «համերաշխության ու արժանապատվության» ղեկավարով՝ իշխանության որդեգրած գաղափարախոսության ժամանակի տառին ու ոգուն համապատասխան։ Ինչպես դասական հերոսը կասեր՝ «ոչնիչ անձնական, միայն բիզնես»։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։