Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով հրամանին տեղյակ իրանցի երեք պաշտոնյաների։
Ըստ պարբերականի՝ Խամենեին համապատասխան հրամանն արձակել է հուլիսի 31-ի առավոտյան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստում։
Թե հստակ ինչպիսի՞ն եւ որքան մասշտաբային կլինի հարձակումը դեռեւս պարզ չէ։ NY Times-ի զրուցակիցները նշել են, որ իրանական բարձր ռազմական հրամանատարությունը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների կիրառմամբ հարձակման հնարավորություն Թել Ավիվի ու Հայֆայի մերձակայքում տեղակայված ռազմական օբյեկտների վրա, ինչը չի ենթադրում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ։
Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, որտեղ նա ժամանել էր Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
ՀԱՄԱՍ-ը եւ Իրանը սպանության մեջ պաշտոնապես մեղադրում են Իսրայելին։ Իսրայելական կողմը տեղի ունեցածի շուրջ որեւէ հայտարարություն կամ մեկնաբանություն չի տվել։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլին Իրանը մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակեց մոտ 150 հրթիռ եւ ավելի քան 170 անօդաչու թռչող սարք։ Հարվածի հետեւանքով զոհեր չկան, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում էր, որ անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների 99%-ը ոչնչացրել է։ Հարվածը պատասխանն էր Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իսրայելական հարձակմանը, որի ժամանակ սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ բարձրաստիճան անդամներ: