Ամերիկյան F-16 կործանիչների առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է բրիտանական Times-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
Times-ի տվյալներով Ուկրաինայի զինված ուժերն արդեն ստացել են նման վեց ինքնաթիռ, եւ դրանք տրամադրվել են Նիդեռլանդների կողմից։ Նաեւ նշվում է, որ ինքնաթիռների հերթական խմբաքանակը շուտով կուղարկի նաեւ Դանիան։
Ըստ Times-ի՝ հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինան պետք է ստանա մոտ 20 F-16 կործանիչ, այդ թվում՝ Բելգիայից եւ Նորվեգիայից։
Երկարաժամկետ հեռանկարում եվրոպական այս չորս երկրները խոստացել են Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել մոտ 80 կործանիչ, սակայն դրանցից շատերը կօգտագործվեն պահեստամասերի համար, գրում է թերթը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հրաժարվել են մեկնաբանել Times-ին վեց ինքնաթիռների մատակարարման մասին տեղեկատվությունը։
Ավելի վաղ բրիտանական Daily Telegraph-ը հայտնել էր, որ F-16-ներն արդեն մարտական թռիչքներ են իրականացրել Ուկրաինայում եւ օգտագործվել հակաօդային պաշտպանության համար։