Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ըստ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության նա մասնավորապես հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական եւ Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի, պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի, պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի, Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակի տնօրեն Բրայան Սթիմլերի, պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերի եւ Նեբրասկայից սենատոր Փիթ Ռիկեթսի հետ:
«Անցկացվել են կառուցողական եւ օգտակար քննարկումներ, անդրադարձ է կատարվել ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ օրակարգին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի ներկա իրավիճակին եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Նախօրեին Ամիբերկովը հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի ավարտին՝ նշելով, որ դրա համար այժմ պատմական հնարավորություն ունեն։
Երեւանը վերջին ամիսներին բազմիցս է հայտարարել, որ պատրաստակամ է մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Բաքուն էլ չնայած բազմիցս է հայտարարել պայմանագրի մեծ մասի շուրջ փոխհամաձայնության մասին, զուգահեռաբար պնդում է, որ դեռ խոչնդոտներ է տեսնում Հայաստանի սահմանադրության մեջ, որը իբր տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։