«ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում (Բաղադրիչ 2) հակամարտությունների փոխակերպմանը» ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում անցկացվում են մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների համաչափ զարգացմանը եւ առանձին խնդիրների լուծմանը, համայնքների միջեւ համագործակցության խթանմանը։
Ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում հասցրել են առնչվել համայնքների մեծամասնության հետ ու համոզվել են՝ բազմաթիվ խնդիրներ կան։ Նախագծի տարբեր ծրագրեր անցկացվում են Հայաստանի չորս մարզում՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում եւ Վայոց ձորում։ Ընտրվել են սահմանամերձ լինելու սկզբունքով։
«Մեր ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի։ Հիմնական նպատակն է բարելավել Հարավային Կովկասում հակամարտություններից տուժածների կենսապայմանները, սոցիալ-տնտեսական հնարավորությունները, բարձրացնել մարդկային անվտանգության մակարդակը, նպաստել համայնքների տնտեսական անկախությանը։ Կարեւորում ենք համայքների հենց առաջնային կարիքների բավարարումը։ Ծրագրի առավելությունն այն է, որ կարողանում ենք արագ արձագանքել տվյալ պահին համայնքնների առջեւ ծառացած խնդիրներին»,- ասում է Հարությունյանը՝ հավելելով, որ սերտ համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հետ՝ վերհանելու առկա խնդիրները։ Ծրագրով առանձին ուշադրության են արժանանում ոչ միայն երիտասարդները, այլեւ կանայք։
Քանի որ ծրագրի աշխատանքները համընկել են Արցախից հայերի բռնի տեղահանման հետ, մշակվել է նաեւ նրանց աջակցող ծրագիր։ Բազմաթիվ ընտանիքներ ապահովվել են բնակարանի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերով եւ պարագաներով։
Ծրագրերը մշակվում են տվյալ համայնքին բնորոշ կարիքների բավարարման նպատակով։ Որոշ սահմանամերձ բնակավայրերում լուծվել է խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը, մեկում ամբուլատորիա է նորոգվել, մյուսի կին բնակիչներին հնարավորություն են ընձեռել անվճար հետազոտվելու՝ հիվանդությունները վաղ հայտնաբերելու նպատակով։ Նորոգվել են մեկ ապաստարան եւ երեք երիտասարդական կենտրոն, որոնք կծառայեն ըստ անհրաժեշտության։ Այժմ ապաստարանի տարածքը նույնպես օգտագործում է երիտասարդական կենտրոնի գործունեության համար։
Նախագիծը մեծ նշանակություն է տալիս համայնքաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը։ «Արդեն իսկ մի քանի համայնքներում աջակցել ենք, որ երիտասարդական կենտրոններ հիմնվեն։ Երիտասարդները շատ դրական են տրամադրված, շատ ակտիվ են։ Մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամներն էլ կարողանում են շատ լավ աշխատել եւ ընդգրկել ակտիվ անձանց։ Որոշ համայքներում երիտասարդներին սովորեցրել ենք դրամաշնորհային ծրագրեր մշակել, որից հետո դիմել ու փոքր բիզնեսներ են հիմնադրել»,-ասում է Կարեն Հարությունյանը՝ նշելով, որ այս ամենը իրականացրած աշխատանքների միայն մի մասն է։
Մեր զրուցակիցը հաջողված է գնահատում ծրագիրը՝ նշելով, որ ակնկալում են նաեւ երկրորդ փուլի անցկացում։
Աշխատանքները Վայոց ձորի մարզում
Ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Արենի, Վայք, Եղեգիս եւ Ջերմուկ համայնքների 17 բնակավայր ստացել է էլեկտրական հովիվներ, իսկ 6 բնակավայր՝ 10-ական կՎտ հզորությամբ արեւային կայաններ։ Դրանց մեծ մասն արդեն տեղադրվել է, մյուսների տեղադրման աշխատանքներն ընթանում են։ Կայանների շնորհիվ խնայվում են ռեսուրսներ, որոնք հետագայում ծառայում են համայնքային այլ խնդիրների լուծմանը։
«ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում (Բաղադրիչ 2) հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացնում է նաեւ «Համայնքների մոբիլիզացման եւ կարողությունների զարգացման» ենթաբաղադրիչը։ Այն իրականացնում է Corner Business Platform-ը։
Corner Business Platform-ի ղեկավար Աննա Հովհաննիսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ներկայացնում է, որ կարեւորում են ոչ միայն նյութատեխնիկական բազայի համալրումը, այլեւ համայնքաբնակ տարբեր անձանց վերապատրաստումները՝ ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով։
«Ծրագրի մի ճյուղով փորձում ենք իրազեկել էներգախնայող համակարգերի արդյունավետության վերաբերյալ, ինտենսիվ դասընթացներ ենք կազմակերպում։ Վայոց ձորում արդեն 6 փուլ ավարտել ենք։ Յուրաքանչյուր համայնքում 30-ից ավելի ֆերմերային տնտեսություններ են ներգրավված եղել, աշխատել ենք շուրջ 150 ֆերմերների հետ։ Եվս մեկ շրջափուլ կլինի սեպտեմբերին»,-հայտնում է Հովհաննիսյանը։
Խոշորացված համայքներում կազմակերպվում են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում բնակիչները տեղեկանում են՝ ինչից եւ ինչպես կարող են օգտվել։ Հանրային քննարկմանը մասնակցում են ինչպես համայնքապետարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, այնպես էլ համայնքաբնակ երիտասարդներ, հասարակական կառույցների անդամներ, համայնքում ակտիվ գործունեություն ծավալող տարբեր խմբեր։
«Նպատակն է, որ բնակիչները բացի իրազեկվելուց նաեւ որոշում կայացնող դառնան, իրենք ընտրեն, թե համայնքում հետագա ինչ ծրագրերի ուղղություններ են լինելու՝ հաշվի առնելով տրամադրված արեւային կայաններից ստացվող խնայողությունները։ Օրինակ՝ եթե Վայք համայնքին տրամադրվում է 30 կվտ հզորությամբ արեւային կայան, նշանակում է՝ Վայքի համայնքապետարանն այդքան ծավալով հոսանք խնայելու է, այդքան գումար գոյանալու է, եւ հենց համայնքաբնակ անձը պետք է որոշի, թե խնայված գումարն ինչպես տնօրինել ի նպաստ համայնքի»,- ասում է մեր զրուցակիցը։
Դեպքեր են եղել, երբ խնայած ռեսուրսների հետագա օգտագործման վերաբերյալ համայնքի ղեկավար կազմի եւ բնակիչների պատկերացումները տարբեր են եղել։ Օրինակ՝ Արենիի համայնքապետարանի ղեկավար կազմն առաջարկել է խնայած միջոցներն օգտագործել բնակավայրերի ճանապարհների նորոգման եւ լուսավորության նպատակով։
Երիտասարդներն առաջարկել են իրենց համար համայնքային դրամաշնորհային մրցույթներ կազմակերպել, որոնց ընթացքում հենց իրենք տարբեր ծրագրեր կանցկացնեն համայնքի բնակավայրերում։
«Ուրախ ենք, որ այսպիսի ակտիվ ներգրավում կա, եւ առաջնային նպատակը՝ երկխոսության խթանումը, հաջողությամբ իրականացնում ենք»,-նշում է Աննա Հովհաննիսյանը։
«Ալիք Մեդիան» առաջիկայում կներկայացնի նախագծի շրջանակում Վայոց ձորի տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: