Հայաստանի կառավարությունը օգոստոսի 1-ի նիստում ընդունված որոշման համաձայն նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վր եւ կլինի նախարարության ենթակայության տակ, ինչպես նաեւ կֆինանսավորվի պետական բյուջեից։
«Էներգետիկ ոլորտի մինչեւ 2024 թվականի ռազմավարության մեջ մենք ունենք, որ գործող ատոմակայանի հարթակում՝ հարակից տարածքում, գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո այդ փուլում ունենանք առնվազն նոր հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել», — նիստի ժամանակ նշել է Սանոսյանը եւ ավելացրել, որ գործընթացն ավելի կազմակերպված եւ համակարգային իրականացնելու համար առաջարկվում է ստեղծել նման ընկերություն։
Նախարարը նաեւ նշել է, որ տվյալ կազմակերպությունը նախ որպես պատվիրատու եւ հսկող մարմին իրականացնելու ողջ շինարարական գործընթացը, որի ավարտից հետո էլ կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործողը։
Որոշման ընդունման մասով Կառավարության հիմնավորման մեջ էլ նշվում է․ «ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրով Հայաստանի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման գրավականներից է ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը: Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու ծրագիրն ավելի ինստիտուցիոնալ եւ համակարգային իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության սույն որոշմամբ առաջարկվում է ստեղծել կազմակերպություն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power. No. NG-G-3.1 ուղեցույցի համաձայն»։
Դրանում նաեւ նշվում, որ Կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների եւ տեխնիկատնտեսական հիմնավորումների միջեւ (առաջարկվող տեխնոլոգիաների փաստաթղթերը մեծածավալ են՝ մի քանի հազար էջ, եւ առնչվում են բազմաթիվ մասնագիտական ոլորտների հետ), որի հիման վրա հետագայում ներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։
«Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի եւ նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման եւ շահագործման հետ կապված փաստաթղթերը»,-ասվում է հիմնավորման մեջ։
Ըստ նախանական հաշվարկների տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե։