Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին այսօր առանձին-առանձին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի, Քաթարի արտգործնախարար Մուհամմադ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ ալ-Թանիի, Եգիպտոսի արտգործնախարար Բադր Ահմեդ Մուհամմադ Աբդել Աթիի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Պաշտոնական հաղորդագրությունների մեջ նշվում է, որ Քանին բոլոր զրուցակիցների հետ քննարկել է նախօրեին Թեհրանում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Իրան ժամանած ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը համարժեք պատասխան տալու Թեհրանի պատրաստակամությունը։
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նման գործողություններով Իսրայելը խաթարել է տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը՝ հատելով բոլոր կարմիր գծերը, այդ թվում ոտնձգություններ կատարելով Իսլամական Հանրապետության տարածքայն ամբողջության դեմ։ Նա ընդգծել է, որ Իրանը կօգտագործի Իսրայելի դեմ որոշիչ գործողություններ ձեռնարկելու իր իրավունքը։
Քանին նաեւ զրուցակիցներին առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ գումարել կապված Հանիեի սպանության հետ։
Միեւնույն ժամանակ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը X-ի իր էջում գրել էր․ «Հանիեն, որպես Պաղեստինի ժողովրդի առաջնորդներից մեկը եւ պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի օրինական պայքարի դրոշակակիրը, Իրանի ժողովրդի եւ կառավարության պաշտոնական հյուրն էր Իրանի ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, եւ օկուպացված Պաղեստինում իշխող մաֆիայի կողմից իրականացված ահաբեկչությունը միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է եւ հարձակում Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության վրա»։
Նշենք, որ այսօր ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ իրանական պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության։