Ռուսաստանը որոշել է ազատ արձակել քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային, Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին եւ ամերիկյան բանակի նախկին ծովային հետեւակային Փոլ Ուիլանին ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շրջանակներում, այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ գործարքի շրջանակներում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ռուսաստան կտեղափոխեն արեւմտյան երկրների բանտերում պահվող ռուս բանտարկյալներին։
Լրագրող Գերշկովիչի փաստաբանը «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է, որ չի կարող որեւէ մեկնաբանություն տալ նրա փոխանակման մասին։ Փոլ Ուիլանի փաստաբանն ասել է, որ նա տեղեկություն չունի փոխանակման մասին եւ սպասում է զինվորականի եղբորից տեղեկությունների հաստատմանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել Գերշկովիչի եւ Ուիլանի հնարավոր փոխանակման մասին «Ведомости»-ի հարցին։
Թուրքական NTV հեռուստաալիքն էլ հայտնում է, որ փոխանակումը արդեն տեղի է ունեցել։ Այն անցկացվել է Անկարայի օդանավակայանում եւ փոխանակվել են 26 բանտարկյալներ։
The Insider-ի տվյալներով ռուսական կողմը նաեւ ազատ է արձակում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշեւային, Տոմսկում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Կսենիա Ֆադեևային եւ «Мемориал» իրավապաշտպան կենտրոնի նախկին համանախագահ Օլեգ Օրլովին։
- Վլադիմիր Կարա-Մուրզան, որը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման դավաճանության, «անցանկալի կազմակերպության» գործունեությանը մասնակցելու եւ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով, պատիժը կրել է Օմսկի քրեակատարողական հիմնարկում՝ խիստ ռեժիմով։
- Հուլիսի 19-ին ռուսական դատարանը Էվան Գերշկովիչին դատապարտել էր 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։ Գերշկովիչը կալանավորվել է 2023 թվականի մարտին, նա ավելի քան մեկ տարի անցկացրել է ռուսական քննչական մեկուսարանում։ Լրագրողը չի ընդունել մեղքը։
- Փոլ Ուիլանը նույնպես դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով: Նա ձերբակալվել էր 2018 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, որտեղ ժամանել էր գործընկերոջ հարսանիքին մասնակցելու համար։ Նա դատապարտվել էր 2020 թվականի հունիսին եւ նույնպես իրեն մեղավոր չէր ճանաչել։
- Կազանի դատարանը հուլիսի 22-ին Կուրմաշեւային դատապարտել էր 6,5 տարվա ազատազրկման։ Երկու երեխայի մայրը Թաթարստանում կալանքի տակ էր պահվել 8 ամիս՝ «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու, ռուսական բանակի մասին «կեղծիքներ տարածելու» մեղադրանքներով։ ՌԴ եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող լրագրողի իրավունքների համար պայքարող կառույցները պնդում էին, որ նա թիրախավորվել էր բացառապես իր լրագրողական գործունեության համար։