Վաշինգտոնը շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասում մարդու իրավունքների պաշտպանության եւ պահվող անձանց վերդարձի հետ կապված հարցերում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հայ ռազմագերիների եւ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավրների ադրբեջանական բանտերում պահելու մասին հարցին։
Հարցն առաջադրող լրագրողը նշել է, որ արդեն չորս տարի է, ինչ Ադրբեջանի բանտերում կան հայ ռազմագերիներ, իսկ նախորդ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից հերթական չհրահրված հարձակումից հետո մոտ մեկ տարի է ինչ ադրբեջանական բանտերում են հայտնվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչները:
Վկայակոչելով Freedom House-ի տվյալները կրագրողը նշել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո դարձել է ամենաանազատ տարածքն, նույնիսկ ավելի անազատ քան Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Սիրիան եւ Աֆղանստանը:
Հաջորդիվ լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք ԱՄՆ-ում հետեւում են Լեռնային Ղարաբաղում ազատությունների եւ քաղաքացիական հասարակության փլուզմանը, եւ թե արդյո՞ք ԱՄՆ վարչակազմը կարող է օգնել Ադրբեջանում բանտարկված հայերին վերադարձնելու հարցում։
«Հարավային Կովկասում՝ ավելի լայն իրավիճակի համատեքստում պետքարտուղարը եւ գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել դրանում։ Ես ձեզ համար թարմացումներ չունեմ, քանի որ դա վերաբերում է այդ գործընթացին: Եվ ահա, երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ եւ հետեւողական հայտարարել ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների հետ վարվի մարդկայնորեն, արժանապատվորեն եւ միջազգային իրավունքին համապատասխան, եւ պետք է հարգի պահվող անձանց մարդու իրավունքները, սա վերաբերվում է նաեւ այս դեպքին»,-ի պատասխան նշել է Պատելը:
Պատելը նաեւ պատասխանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ նշելով, որ նոր թարմացումներ չունի այդ ուղղությամբ եւ կարող է միայն նշել, որ պետքարտուղարը խորապես ներգրավված է դրանում։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական բանտերում շուրջ 23 հայ կալանավոր կա։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո գերության մեջ հայտնվեցին նաեւ Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը: