Արեւմտյան երկրներում դատապարտված ռուսաստանցիների հետ նախօրեին փոխանակված ԱՄՆ քաղաքացիներ՝ Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշեւաին եւ ԱՄՆ բանակի նախկին ծովային հետեւակային Փոլ Ուիլանին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մերիլենդի «Էնդրյուս» ռազմաօդային բազայում:
ABC News-ի փոխանցմամբ ներանց ինքնաթիռի մոտ դիմավորել են հարազատները եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը։
Բայդենն հայտարարել է, որ երկար է սպասել այս պահին։ «Ես բացարձակապես վստահ էի, որ մենք կարող ենք դա անել», — ասել է ԱՄՆ նախագահը:
Օգոստոսի 2-ի գիշերը ԱՄՆ նախագահի աշխատակազմը նաեւ տեսանյութ էր հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են փոխանակման ժամանակ ազատ արձակված բանտարկյալների հարազատները՝ մինչ նրանց ժամանումը, Օվալաձեւ աշխատասենյակից հեռախոսով զրուցում նրանց հետ։
Բայդենն էլ X-ի էջում կիսվել է այդ տեսագրությունով եւ գրել․ «Յուրաքանչյուր ծնող, երեխա, ամուսին եւ սիրելի մարդ, ով այսօր միացավ ինձ օվալաձեւ գրասենյակում, երկար ժամանակ աղոթում էր այս օրվա համար: Ընդամենը մի քանի ժամից, երբ մեր հայրենակից ամերիկացիները վերադառնան տուն, այդ աղոթքները կստանան իրենց պատասխանը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին արեւմտյան երկրները եւ Ռուսաստանը բանտրակյալների փոխանակում են իրականացրել։ Ռուսաստանի եւ Բելառուսի բանտերում պահվող 16 անձ փոխանակվել են արեւմուտքում բանտարկված 8 ռուսաստանցիների հետ։ Նրանց թվում էին քաղաքական գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան եւ Իլյա Յաշինը, «Բաց Ռուսաստան» շարժման նախկին գործադիր տնօրեն Անդրեյ Պիվովարովը, իրավապաշտպան եւ «Memorial»-ի համանախագահ Օլեգ Օրլովը։ Նրանք տեղափոխվել են Քյոլն։