Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք նախօրեին հայրենի են վերադարձվել Արեւմուտքի հետ ռուսական բանտերում պահվող գործիչների հետ փոխանակման շրջանակներում։ ՌԴ Նախագահը նրանց դիմավորել էր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Հանդիպումը հեռարձակել է «Россия 24» հեռուստաալիքը։
«Նախ ուզում եմ շնորհավորել բոլորին հայրենիք վերադառնալու կապակցությամբ։ Այժմ ուզում եմ դիմել նրանց ովքեր առնչություն ունեն զինվորական ծառայության հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երդմանը, պարտքին եւ հայրենիքին հավատարմության համար, որը ոչ մի րոպե ձեզ չի մոռացել։ Բոլորդ առաջադրվելու եք պետական պարգեւների համար։ Մենք նորից կտեսնենք, կխոսենք ձեր ապագայի մասին, բայց հիմա ուզում եմ միայն շնորհավորել ձեզ»,-ասել է Պուտինը՝ դիմելով վերադարձած ռուսաստանցիներին։
Արտերկրում լրտեսության, ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցության եւ այլ հանցագործությունների համար դատապարտված ռուսներին օդանավակայանում դիմավորել են կարմիր գորգով ու պատվո պահակախումբով։
Փոխանակման արդյունքում Ռուսաստան վերադարձածների թվում էր Վադիմ Կրասիկովը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Գերմանիայում՝ Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։
Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ բանտարկյալների փոխանակումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին Անկարայի օդանավակայանում թուրքական հետախուզության միջնորդությամբ։