«Դեղձն այս տարի դժվարությամբ ենք իրացնում։ Մեծածախ վաճառքի գինը 200 դրամ է։ Իսկ Արենիի շուկայում հատընտիր, մեծ դեղձը վաճառում եմ 400-500 դրամով, բայց, բնականաբար, ոչ մեծ ծավալով (օրական մոտ 20 կգ)։ Շատ բերք ունեցողները չեն կարող շուկայում կանգնելով՝ ամբողջն իրացնել»,- պատմում է Վայոց ձորի մարզի Արենիի բնակիչ Հասմիկ Առաքելյանը։
Նախորդ տարիներին բազմաթիվ գնորդներ բեռնատարներով գալիս, գնում էին բերքը, իսկ հիմա մի քանի փոքր բեռնատար կա գյուղում, մթերման գինն էլ ցածր է։ 200 դրամով վաճառվող դերձը պետք է բարձրորակ լինի․ եթե պտուղը փոքր է, չի վաճառվում, ուստի գյուղացիներն այն իրացնելու ելք են գտել։ Դեղձը տանում են Գորիս, լոբիով փոխանակում։ Գեղարքունիքի գյուղերում արենցիները դեղձի մի մասը կանխիկ գումարով են վաճառվում, մյուս մասն էլ ապրանքափոխանակություն անում․ հիմա պտուղը տալիս են, իսկ աշնանը կարտոֆիլ կվերցնեն։ Ընդ որում, այս տարի Արենիում բերքն առատ չի եղել։
Քանի որ այս տարի տեղումնառատ էր, սնկային հիվանդությունները շատ էին, ֆերմերներն այգիներն ավելի շատ են բուժել, հետեւապես բերքի ինքնարժեքը բարձր է։ 200 դրամով վաճառելու դեպքում գյուղացին շատ փոքր շահույթ կունենա։
Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրում ապրող Գոհար Հովհաննիսյանի ընտանիքը եւս նման խնդիր ունի։ Բերքի մի մասը թափվել է ծառերի տակ, մյուս մասը (330 կգ) 40 դրամով հանձնել են պահածոների գործարան։
«Նախորդ տարի գնորդները բեռնատարներով եկան, դեղձը 170 դրամով գնեցին, իսկ այս տարի այնքան էժան ենք վաճառել, որ շահույթ չենք ունեցել: Փաստացի բերքն իրացրել ենք ինքնարժեքից ավելի էժան»,- պատմում է Գոհար Հովհաննիսյանը։
Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրի վարչական ղեկավար Պետիկ Հակոբյանն էլ նշում է՝ իրենց գյուղում բեռնատարներ կան, որոնք դեղձ են ընդունում 150-200 դրամով։
«Ենթադրում եմ՝ բերքառատության պատճառով է բերքի գինն այսքան էժան։ Նախորդ տարիներին դեղձը վաճառվում էր 300-350 դրամով»,- պատմում է Պետիկ Հակոբյանը։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ասում է՝ դեղձի գինը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հայկական 16 ընկերության արգելել է միրգ-բանջարեղեն արտահանել ռուսական շուկա, քանի որ պտուղ-բանջարեղենի մեջ արգելած նյութեր էին հայտնաբերվել։
Գյուղատնտեսը հիշեցնում է՝ «Ռոսսելխոզնադզոր»-ն այս արգելքից մեկ ամիս առաջ հայկական կողմին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ), տեղեկացրել էր խնդրի մասին ու հորդորել ծառայողական քննություն նշանակել, ապա տեղեկացնել վտանգավոր ապրանքների մատակարարումը կանխելու ուղղությամբ արված աշխատանքների մասին։ Սակայն, այս նախազգուշացումից հետո ՍԱՏՄ-ն համապատասխան աշխատանքներ չի կատարել, քայլեր չի ձեռնարկել, որ վտանգավոր նյութեր պարունակող պտուղ-բանջարեղեն չարտահանվեր։
Դեղձն արագ փչացող պտուղ է եւ այս արգելքից հետո արտահանող փոքր ընկերություններից կամ անհատներից շատերը չեն համարձակվում բերքը Ռուսաստան արտահանել՝ ենթադրելով, որ, գուցե, Լարսի անցակետում երկար սպասելով՝ ստուգումներից հետո իրենց բերքի մեջ էլ արգելված նյութեր հայտնաբերվեն։ Իսկ այդ պարագայում մինչեւ ապրանքը վերադարձնեն Հայաստան՝ փորձելով այն գոնե տեղական շուկայում իրացնել, մեծ մասը փչացած կլինի։
«Դեղձն այսօր շատ էժան գնով է վաճառվում, ավելին՝ հնարավոր է առաջիկա օրերին էլի՛ գնանկում լինի։ Սա կարող է գյուղատնտեսական ոլորտի վրա ծանր հետեւանքներ թողնել։ Չի բացառվում, որ շատ գյուղացիներ կտրեն դեղձենիները։ Նման ցավալի իրավիճակ եղավ տարիներ առաջ, երբ խաղողը չէր մթերվում, եւ շատերը հատեցին խաղողի որթերը։ Այս ծանր իրավիճակը ստեղծել է մեր երկրի՝ համապատասխան կոռույցների ոչ պատշաճ աշխատանքի հետեւանքով»,- եզրափակում է գյուղատնտեսը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։