Քաղաքանությունը հայ մարդու դիտանկյունից պախարակելի եւ զազրելի ոլորտ է, իսկ քաղաքականությամբ չզբաղվելը՝ առաքինության եւ ազնվության վկայություն։
Ոտքից գլուխ քաղաքականացված, իր առօրյան քաղաքական լուրերով ողողած մարդը քաղաքականությունը պոռնկության հոմանիշ է դարձրել։ Նա արհամարհում է ամեն մի քաղաքականը, այդ բառը նրա լեզվամտածողության մեջ ավելին չէ, քան հայհոյանքը։
Թերեւս սրանով է բացատրվում դասակարգային ատելությունը կոստյումով եւ փողկապով մարդկանց նկատմամբ։ Դրանք բոլորը խորթ եւ օտար հայտնություններ են հայ իրականությունում։ Ինչպես կասեր Նաիրի Հունանյանը, նրանք ժողովրդի արյունը ծծողներն են, թալանչիներն են, ժողովրդի ծոցից դուրս չեն եկել եւ չեն զգում հայ գյուղացու ցավն ու տառապանքը։
Հայ մարդն առնվազն վերջին 25 տարիներին երբեւէ քաղաքական լուծումներ չի փնտրել։ Նրա համար այս կամ հարցի լուծումը պետք է անպայման լինի ազգային ու հայրենասիրական։ Օրինակ նա հերսոտում ու փրփրում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական տերմինոլոգիայից։ Փոխզիջումը հայհոյանք էր, քանի որ նրա որոնածը արդար լուծումն էր։ Լատիներեն occupatio եզրույթը նրա կյանքում փոխարինվել էր արյամբ գրաված հողերով։ Վերջին շրջանում նորաձեւ են հատկապես ինքնիշխան լուծումները։
2018 թվականին փողոց դուրս եկած զանգվածները, բնականաբար Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, խորովածի ծխի տակ թողեցին մարգինալ երիտասարդության ձեւակերպած քաղաքական պահանջները։
Բարեփոխումները փոխարինվեցին Փաշինյանի քարացած հուշարձանի նկատմամբ այլասերված մի սիրով։ Ինչպես կասեր երջանկահիշատակ Բորիս Նեմցովը, իշխանությանը սիրելը այլասերվածություն է։ Հատկապես, երբ այդ սերը մերժում էր քաղաքական գաղափարախոսությունները՝ փորձելով իր մեջ ներառել էթնիկական եւ անձնական բոլոր բնազդներն ու կրքերը։
2018-ից ի վեր ամենազանգվածային շարժումը եղավ բոլորովին վերջերս, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ։ Նա էլ Նիկոլ Փաշինյանի նմանությամբ փորձեց քաղաքական իր կապիտալը կառուցել ապաքաղաքականության հիմքի վրա՝ շարժումը բնորոշելով հոգեւոր, ազգային, ազատագրական եւ նմանատիպ ճռճռան բառերով։
2010-ականներին, երբ Սերժ Սարգսյանի վարչակազմն ու առաջադիմական շրջանակները համատեղ ուժերով արժեզրկում եւ ոչնչացնում էին ընդդիմությանը (ՀԱԿ), առաջին պլան մղվեց քաղաքացիական եզրույթը։ Փողոց դուրս եկած մարդիկ հայտարարում էին, որ իրենք քաղաքական չեն, այլ՝ քաղաքացիական։
Բնականաբար քաղաքականության նկատմամբ թերահավատ այս վերաբերմունքը միայն զուտ հայկական երեւույթ չէ։ Հայ իրականության վրա մեծագույն ազդեցություն է թողնում նաեւ աշխարհում լայն թափ հավաքող քաղաքական մտքի ճգնաժամը։ Այս ճգնաժամի ամենահիմնական բնորոշիչներիցն են դասական քաղաքականության արժեզրկումը, նիհիլիզմը, էպատաժը, անորոշությունը։
Պոստմոդեռնիստական այս աշխարհում իրերը կորցրել են իրենց իմաստները, այլեւս չկան բացարձակ արժեքներ՝ բարին ու չարը, գեղեցիկն ու տգեղը, սեւն ու սպիտակը կորցրել են տարանջատման հստակ սահմանները։ Փոխարենը քաղաքական տարածությունը լցվում է ծայրահեղական հոսանքներով՝ հակաինտելեկտուալ նեոմարքսիզմով, իսլամիզմով, նեոլիբերալիզմով, տրոցկիզմով, հակագիտական ու մարտնչող աջակողմյան ուժերով եւ այսպես շարունակ։
Վստահաբար հայ հանրությունը խորապես ազդված է համաշխարհային գործընթացներից, որոնք էլ ավելի են ամրապնդում պատմականորեն ձեւավորված ատելությունը դասական քաղաքականության նկատմամբ։ Գաղափարախոսությունները ակվարիումի մեջ բուծված, անբնական ճանապարհով ծնված արարարածներ չեն։ Դրանք վերցված են կյանքից ու ստեղծված նկարագրելու մարդկային քաղաքական վարքագծի այս կամ այն դրսեւորումը։ Այս իմաստով որեւէ գաղափարախոսության դավանելը չի սկսվում եւ ավարտվում դրա մասին հայտարարելով։
Անտառաճանաչ գյուղացին՝ կամքից անկախ, իր մտորումներում կարող է հայտնվել այս կամ այս գաղափարական հոսանքի տարածությունում։ Այսինքն, որքան էլ հայ մարդը ատի քաղաքականությունը, միեւնույն է, նա քաղաքական արարած է։ Այլ խնդիր է, որ նրա քաղաքական մտայնությունները կարող են կազմաքանդող նշանակություն ունենալ առաջին հերթին հենց քաղաքական համակարգի համար։
Օրինակ, ներկայում հայ մարդու քաղաքական ինքնության հիմքում դասակարգային ատելությունն է։ Սա բնականաբար քաղաքական համոզմունք է, որը մերժում է արդեն իսկ գոյություն ունեցող քաղաքական միջավայրը։ Մերժում, որն այդպես էլ չփոխակերպվեց գործողության եւ հեղափոխական արյան, բայց մնաց որպես ապաքաղաքական համոզմունք՝ հայ մարդուն պատանդ պահելով նիհիլիզմի եւ չընդհատվող բողոքի ճիրաններում։
Հայաստանցու վարքագծի մյուս առանձնահատկությունը փրկության տենդագին որոնումն է։ Նա այլեւս արդար լուծումներ չի որոնում եւ կանգ է առել փրկվելու ցանկացած տարբերակի առջեւ։ Հենց այստեղ է թաքնված Նիկոլ Փաշինյանի անայլընտրանք կարգավիճակը, քանի որ հայ մարդը փրկություն ասելով հասկանում է իր անձնական կացությունը։ Նա ուզում է իրեն հանգիստ թողնեն, ձեռք չտան, չխանգարեն, բանակ չկանչեն, վարկային պարտավորություններն ու հարկադիրները չլինեն, Արմեն Աշոտյանն էլ բանտում չորս պատի մեջ խելագարության հասնի։
Նրա պատկերացրած լուծումը անձնական ջանք ու քաղաքական աշխատանք չի պահանջում։ Նա ակնթարթային լուծում է ուզում։ Ակնհայտորեն հայ ժողովուրդը թունավորված է ազատության թույնով։ Նրան թունավորել են։ Նրա գլուխը խցանված է անմարմին լոզունգներով ազատության, արդարության եւ ինքնիշխանության մասին։
Ծայրահեղական գաղափարախոսությունների այս խառնարանում հայ ժողովրդի վրա մեծագույն ազդեցություն են թողել նաեւ մուսուլմանական աշխարհի սովորույթները։ Իմ համոզմամբ՝ մորուքավոր, կամուֆլյաժով զարդարված դաշտային հրամանատարների պաշտամունքը զուտ իսլամական ազդեցություն է։
Հայաստանի ազգային հերոսների ցանկում քաղաքական ու պետական գործիչներ չկան։ Կա՛մ բարերարներ են կա՛մ էլ կամուֆլաժով ու մորուքով հրամանատարներ։ Կարեն Դեմիրճյանը բացառություն է, նա հերոսական այդ օթյակում ամենեւին էլ չի հայտնվել իր քաղաքական վաստակի համար։
Պարզապես նա տեղավորվում է «հայ մեծերի» ապաքաղաքական դիցարանի տրամաբանության մեջ, որտեղ հայտնվելու համար այլ չափորոշիչներ են պահանջվում։ Ի հակադրություն կոստյումով մարդկանց նկատմամբ ունեցած ատելության, որսորդական համազգեստով անհատները ազնվության եւ պարկեշտության խորհրդանիշներ են։ Չէ՞ որ նրանք ականջներով սիրող հայ մարդուն արագ ու ակնթարթային լուծում են առաջարկում, որն է՝ անդեմ եւ անմարմին զարգացումը։ «Մենք պետք է զարգանանք» նախադասությունը հայ քաղաքական մտքի գագաթնակետն է։
Կամուֆլաժից անդին հայ մարդը պատրաստ է գնալու փոխզիջումների եւ տանելու կոստյումավոր մարդկանց, եթե իհարկե խոսքը փորձագետների մասին է։ Փորձագետներ, որոնք հայ մարդուն ամեն օր հիշեցնում են, որ ՀՀ հարավային սահմանում Իրանն է, իսկ արեւմուտքում՝ Ֆրանսիան, հյուսիսում՝ կործանվող չարիքը, արեւելքում՝ դեմարկացված սահմանն իր սպիտակ ստոլբաներով։ Հայ մարդու ականջին հաճելի է աշխարհագրության այս դասընթացը։ Նրա նախընտրելի քաղաքականությունը միայն աշխարհաքաղաքականությունն է։
Ատելով քաղաքականությունը, ամեն մի քաղաքականը ու հատկապես քաղաքական գործիչներին՝ հայ մարդը չի հասկանում, որ Մուստաֆա Քեմալը Աթաթուրք դարձավ այն պահին, երբ հանեց զինվորական համազգեստն ու կոստյում հագավ։ Ֆրանսիան Երկրորդ աշխարհամարտից հետո շարունակեց Ֆրանսիա մնալ այն բանի շնորհիվ, որ Շարլ դը Գոլը հստակ սահմանագիծ քաշեց իր ու իր համազգեստի միջեւ։ Իմ համոզմամբ հանրույթների ցատկն առաջին հերթին ապահովում են հենց կոստյումով եւ փողկապով մարդիկ, որոնք ի զորու են քաղաքական լուծումներ առաջարկել։ Քաղաքական, այլ ոչ թե՝ արդար։
Հաղթանակների են հասնում այն հանրույթները, որոնք ի վիճակի են վեր կանգնել իրենց էթնոմշակութային ու կենցաղային սովորույթներից։ Երբ քաղաքական խոսքն է մշակույթ ձեւավորում։ Երբ քաղաքական միտքը չի տրորվում ազգային ոգի գեներացնող պարերով, յարխուշտաներով, քոչարիներով եւ Նժդեհի աֆորիզմներով։ Զարմանալի է, բայց մենք նույնիսկ մեզ հետ կատարված մեծագույն ողբերգությանը՝ Ցեղասպանությանը, չենք կարողացել միանշանակ քաղաքական գնահատական տալ։ Ավելի շուտ՝ նախագահ Տեր-Պետրոսյանը տվել է, բայց դա հայ մարդուն բավարար չէ։ Քաղաքական այդ գնահատականում բացակայում է յարխուշտան, կամուֆլաժը եւ իհարկե էթնիկական անհամատեղելիության մասին պնդումը։
Պետք չի զարմանալ, մենք նույնիսկ հայոց պատմության ամենազանգվածային քաղաքական գործընթացը՝ Ղարաբաղյան շարժումը, իջեցրեցինք Յութուբով Արցախի բարբառով խոսելու, ժինգյալով հացի եւ փախլավայի մակարդակին։
Խորհրդային Միությունը ալեկոծած, Գորբաչովի, Ելցինի, Ռեյգանի, ավագ Բուշի, Միտերանի եւ Ժակ Շիրակի կողմից քննարկված քաղաքական այդ հուժկու, հաղթական շարժումը իջեցվեց ու հավասարվեց ապաքաղաքական մեր կենցաղին։ Կենցաղ, որը սիրուն է մշակութային իր մարմնավորմամբ եւ գարշելի՝ քաղաքականության ոչնչացման տեսանկյունից։ Ղարաբաղյան հակամարտությունը միայն Ղարաբաղի բարբառով խոսող ու ժինգյալով հաց թխող մարդկանց հարցը չէր, դա ամբողջ հայ ժողովրդի քաղաքական հարցն էր։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։