Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադին ժամանել է Թեհրան, որի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին փոխանցել է թագավոր Աբդալլահ Երկրորդի ուղերձը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Այդ մասին փոխվարչապետը հայտարարել է Al-Mamlaka հեռուստաալիքին։
Նա հերքել է որոշ արտասահմանյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե իբր Իսրայելից հաղորդագրություն է բերել Թեհրան՝ ընդգծելով, որ ժամանել է իր իրանցի գործընկերոջ հրավերով։
«Մեր ձգտումն է, որ մեր տարածաշրջանը ապրի անվտանգության, խաղաղության եւ կայունության պայմաններում: Մենք ցանկանում ենք դադարեցնել վտանգավոր ռազմական էսկալացիան, եւ այս ճանապարհին առաջին քայլը պետք է լինի Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի ավարտը»,-ասել է Սաֆադին:
Փոխվարչապետը կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ Մերձավոր Արեւելքը լայնածավալ տարածաշրջանային պատերազմից պաշտպանելու համար, որը կործանարար հետեւանքներ կունենա բոլորի համար։
Անդրադառնալով Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը, Սաֆադին ընդգծել է, որ Հորդանանի «թագավորությունը դատապարտել է այդ նողկալի հանցագործությունը, որը միջազգային իրավունքի խախտում է եւ պետության ինքնիշխանության դեմ հարձակում»:
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին էլ հորդանանցի գործընկերոջ հետ հանդիպմանը զգուշացրել է, որ Իսրայելը պետք է պատասխանատվություն Թեհրանում Հանիեի սպանության համար։
«Իսրայելը պետք է ստանա վճռական եւ կոշտ պատասխան, որպեսզի հասկանա, որ դաժան վարքը անվտանգության ոլորտում ունի սարսափելի հետեւանքներ», — մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն Բաղերի Քանիի խոսքերը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը հրաժարվել է մեղմել իր գործողությունները եւ մտադիր է պատասխանել հրեական պետությանը։ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ն ու արաբական երկրները փորձել են համոզել Իսլամական Հանրապետությանը մեղմել իր դիրքորոշումը։ Սակայն, Իրանի ղեկավարները «երդվել են վրեժխնդիր լինել» նույնիսկ եթե նրանց գործողությունները հանգեցնեն պատերազմի: