Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 4-ին հանդիպում է ունեցել բանակի եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում մասնավորապես, քննարկվել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու տարբերակը, եթե վերջինիս կողմից հարձակումը համարվի անխուսափելի։ Այս մասին հայտնում է հայտնում է Ynet գործակալությունը։
Հանդիպմանը մասնակցել են Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեւին, «Մոսադ» հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան եւ Գլխավոր անվտանգության ծառայության ղեկավար Ռոնեն Բարը։ Այն անցկացվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը Իրանի պատասխան հարվածի ակնկալիքների ֆոնին։
Times of Israel-ը գրում է, որ Իսրայելը դեռ չգիտի, թե ինչ սպասել Իրանից եւ նրա դաշնակիցներից, ուստի քննարկում է հարձակմանը պատասխանելու կամ կանխելու բազմաթիվ տարբերակներ: Այդ տարբերակներից մեկը, ինչպես գրում է Ynet-ը, կանխարգելիչ հարվածն է։ Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելը ստանա հետախուզական տվյալներ, որոնք հաստատում են հարձակում իրականացնելու Իրանի մտադրությունները:
Axios պորտալն էլ, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն օգոստոսի 4-ին G7 երկրների արտգործնախարարների հետ զրույցում ասել էր, որ Իրանի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում, այսինքն երկուշաբթի օրը։
Իր հերթին, Sky News Arabia հեռուստաալիքն էլ, վկայակոչելով արեւմտյան հետախուզությունը, հայտնում է, որ իրանական հարձակումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 12-ից 13-ը, երբ Իսրայելում կսկսվեն հրեա ժողովրդի համար սգո Տիշա Բաավ օրվա արարողությունները՝ ավերված Երուսաղեմի տաճարի համար: