Թբիլիսիում ձերբակալվել է ադրբեջանական անկախ լրատվական գործակալության եւ YouTube-ի Azel.TV ալիքի ղեկավար Աֆղան Սադըգովը։ Այս մասին գրում է OC Media-ն։ Վրաստանի իշխանությունները մտադիր են նրան արտահանձնել Ադրբեջանին։
Սադըգովը ու իր ընտանիքը Վրաստանում են ապրում 2023 թվականի դեկտեմբերից։ Հուլիսի կեսերին նրան թույլ չեն տվել Վրաստանից մեկնել Թուրքիա։ Լրագրողի խոսքով՝ իրեն հայտնել են, որ կարող է թռչել միայն Ադրբեջան։
«Դա պայմանավորված է վերջերս իմ քննադատական գրառումներով եւ տեսանյութերով: Հիմա իմ դեմ քրեական գործեր չկան, բայց գիտեմ, որ հենց վերադառնամ Ադրբեջան, ինձ էլ կձերբակալեն, ինչպես մյուս քննադատող լրագրողներին։ Ինձ սպառնում են Վրաստանում, իսկ իմ հարազատներին Ադրբեջանում՝ պահանջելով դադարեցնել քննադատությունը։ Այս պատճառով է, որ մենք ցանկանում ենք լքել Վրաստանը»,-ասել է ադրբեջանցի լրագրողը՝ Թուրքա ուղեւորվելու համար մերժում ստանալուց հետո։
«Rights Georgia» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Դմիտրի Նոզաձեն ասել է, որ Ադրբեջանում Սադըգովին մեղադրում են շորթումներ կատարելու մեջ, իսկ արտահանձնման հարցումն ուղարկվել է Վրաստանի իշխանություններին այս տարվա հուլիսին։
Աֆղան Սադըգովի ձերբակալությունից հետո մի քանի լրագրողներ, նրա կինն ու երեխաները բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ։ Գերատեսչությունից հայտնել են, որ ծրագրում են լրագրողին արտահանձնել Բաքվին։
Լրագրողը Ադրբեջանում 7 տարվա ազատազրկման դատապարտվել էր 2020 թվականին՝ կրկին շորթման մեղադրանքով։ Նա հերքել է մեղադրանքը, իսկ իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։ Նրան ներում շնորհվել էր 2023 թվականի մայիսին։