Գերմանիայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայումն անհրաժեշտ է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ «զսպող գործոն»։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ (DW) վկայակոչելով Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոք հայտարարությունը։
Մեկնաբանելով տեղական մամուլի հայտարարությունները Բերբոքը նշել է, որ Գերմանիան պաշտպանելու միակ միջոցը «սեփական անվտնագության եւ հզորության մեջ» Բեռլինի կատարած ներդրումներ են, որոնք կատարվում են ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաեւ ազգային մակարդակով։ ԱԳ նախարարի խոսքերով այդ միջոցները ներառում է նաեւ Գերմանիայում ամերիկյան հեռահար զենք տեղակայելու որոշումը։
Բերբոքը ընդգծել է, որ Գերմանիան պետք է «հուսալի զսպող» համակարգ ստեղծի Ռուսաստանի դեմ։ Նրա նաեւ հավելել է, որ նման քայլերը պետք է պաշտպանեն նաեւ Լեհաստանը, Բալթյան երկրները եւ Ֆինլանդիան, «որոնք ուղղակիորեն սահմանակից են Ռուսաստանին եւ վերջին ամիսներին զգացել են սահմանային հիբրիդային միջոցների պայթյունավտանգ ազդեցությունը»:
Հուլիսին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ն եւ Գերմանիան հայտարարեցին Գերմանիա ամերիկյան հեռահար հրթիռների առաջիկա մատակարարումների մասին։
2026 թվականից Միացյալ Նահանգները նախատեսում է Գերմանիայում տեղակայել SM-6 զենիթային հրթիռներ, Tomahawk թեւավոր հրթիռներ եւ փորձարարական գերձայնային համակարգեր, որոնք, ինչպես հայտնել է Սպիտակ տունը, «ավելի մեծ կործանարար հեռահարություն ունեն, քան ներկայումս Եվրոպայում տեղակայվածները»։
Ամերիկյան զենք տեղակայելու որոշումը Բունդեսթագի շատ պատգամավորների համար անակնկալ է եղել, նշվում է Deutsche Welle-ի հրապարակման մեջ։ Մի շարք քաղաքական գործիչներ կոչ են արել այդ հարցը քննարկել խորհրդարանում։ Նման կոչեր են հնչում նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) պատգամավորների շարքերից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հուլիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ռազմածովային ուժերին նվիրված շքերթին ելույթ ունենալով, հայտարարել է, որ Մոսկվան կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, եթե ամերիկյան հրթիռային համակարգերը, որոնք կարող են խոցել ռուսական տարածքը, տեղակայվեն Գերմանիայում։