Նովոսիբիրսկում «Ռոսգվարդիայի» ղեկավարությամբ օգոստոսի 14-ից 16-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2024» զորավարժությունները։
Դրանք կանցկացվեն Ռուսաստանի ազգային գվարդիայի ուսումնական կենտրոնում։ Զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի շտաբների եւ հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներկայացուցիչներ: Հայաստանն իր ներկայացուցիչներին չի ուղարկի։
«Կոբալտ 2024» զորավարժությունների մասնակիցները կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջեւ փոխգործակցության հմտությունները:
Հատուկ ջոկատայինները կիրականացնեն շենքերի եւ մեքենաների գրոհներ, պատանդների ազատման եւգրոհայինների վնասազերծման ուսումնական գործողությունները՝ օգտագործելով ավիացիա եւ անօդաչու թռչող սարքեր։
Մի կողմից Հայաստան-Ռուսաստան, իսկ մյուս կողմից Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։