Վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել: Այս մասին jam-news-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նա նաեւ հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով։
Կլաարը նշել է, որ իր ունեցած տեղեկություններով Հայաստանն ու Ադրբեջանը արդեն համաձայնեցրել են պայմանագրի վերջնական տեքստի մեծ մասը։
«Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը: Մենք ոգեւորվել ենք նախագծերի վերջին ինտենսիվ փոխանակումներով եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջեւ 2024 թվականի հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած վերջին եռակողմ հանդիպումով»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը եւ հավելել, «Մենք խորապես հավատում ենք, որ մնացած հարցերի եւ ձեւակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասնելի հեռավորության վրա է»։
Կլաարի խոսքերով խաղաղության պայմանագիրը եւ դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: Նա նաեւ նշել է, որ գործընթացը բավականաին փխրուն է, որը արտահայտվեց Միցիալ Թագավորությունում Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման չեղարկումներով։
Պատասխանելով Արցախից տեղահանված հայերի շուրջ վերջնական մոտեցման մասին հարցին, Կլաարը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, եւ որ Բաքվի եւ նրանց միջեւ ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի շրջաններ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի շուրջ:
«Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում»,-նշել է Կլաարը։
Նրա խոսքերով զուգահեռաբար բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք միեւնույն հարթության վրա չեն կարող դրվել ։
«Այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:
Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է: Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, եւ սա նույնպես պետք է լինի կարգավորման հետեւանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Անդրադառնալով ադրբեջանական բանտերում այժմ ազատազրկված հայերի եւ անհետ կորածների մասին հարցին Կլաարը տխրեցնող է անվանել այն հանգամանքը, որ կողմերի միջեւ դեռ որեւէ առաջընթաց չկա այդ հարցում։
«Վստահ եմ, որ սա կմնա առանցքային խնդիր իմ աշխատանքը շարունակող հաջորդ պաշտոնյայի համար»,-հավելել է նա:
Պատասխանելով, Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում ԵՄ միջնորդական ջանքերը գնահատելու մասին հարցին Կլաարը նշել է, որ Եվրամիության դերակատարումը այդ հարցում աճել է հատկապես 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից հետո եւ հիմնականում հենց կողմերի խնդրանքով։ Նրա խոսքերով հենց այս ամենի արդյունքում է հնարավոր եղել հասնել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումներ շարքին:
«2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչեւ 2023 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել առաջնորդների վեց հանդիպում Բրյուսելում, բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազրույցներ, ինչպես նաեւ կազմակերպել ենք անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ այստեղ»,-ասել է Կլաարը։