Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել եւ լքել երկիրը՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք հանգեցրել էին հարյուրավոր զոհերի:
CNN-ի տեղեկություններով վարչապետ Հասինան հեռացել է Հնդկաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ագարթալա քաղաք։
Երկրին ուղղված իր ուղերձում բանակի շտաբի պետ, գեներալ Վաքեր-Ուզ-Զամանը հաստատել է, որ վարչապետը հրաժարական է տվել եւ հայտարարել, որ առաջիկայում ձեւավորվելու է ժամանակավոր կառավարություն։
Գեներալը հավելել է, որ պատրաստվում է հանդիպել նախագահ Մուհամմադ Շահաբուդինի հետ եւ հույս ունի, որ լուծումը կգտնվի մինչեւ օրվա վերջ։
Նա նաեւ խոստացել է «արդարություն» բոլոր Բանգլադեշցիների համար, մի բան, որ պահանջում են ցուցարարները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հարյուրավոր մարդկանց մահվանից հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 5-ին բողոքարարների բազմահազարանոց ամբոխը ներխուժել էր վարչապետի նստավայր համարվող Գանոբհաբան։ Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են ցուցարարները ավերում վարչապետի նստավայրը։
Կիրակի օրը առնվազն 90 մարդ էր զոհվել ոստիկանության եւ Շեյխ Հասինայի հրաժարականը պահանջող ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով։ Զոհվածների թվում կան 13 ոստիկաններ։ Նրանք սպանվել են Դաքայից 100 կմ հյուսիս գտնվող Սիրաջգանջ քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման արդյունքում։
BBC-ի տվյալներով զանգվածային ցույցերի մեկնարկից ի վեր ավելի քան 280 մարդ է զոհվել։
Ավելի վաղ Դաքայում ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Զուգահեռաբար վարչապետի կարգադրությամբ ողջ երկրի տարածքում անջատվել էր բջջային ինտերնետը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը կոչ է արել Բանգլադեշի իշխանություններին դադարեցնել բռնությունները։
Նա նաեւ մտահոգություն է հայտնել երկուշաբթի օրը Դաքայում ծրագրված զանգվածային երթի կապակցությամբ եւ նախազգուշացրել հետագա էսկալացիայի ռիսկի մասին։
«Կառավարությունը պետք է դադարեցնի խաղաղ բողոքի շարժման մասնակցողներին հետապնդելը, անհապաղ ազատ արձակի ձերբակալվածներին, վերականգնի ինտերնետի լիարժեք հասանելիությունը եւ պայմաններ ստեղծի կառուցողական երկխոսության համար»,-ասել էր Թյուրքը։