Բազմադարյա պատմություն ու մշակութային ժառանություն ունեցող Հայաստանը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի։ Այսուամենայնիվ, զբոսաշրջային քաղաքականությունը վերանայելու, այդ թվում՝ ենթակառուցվածքները բարեկարգելու, հուշարձանները վերանորոգելու կամ վերականգնելու, սպասարկման ոլորտը բարելավելու անհրաժեշտություն կա։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023 թվականին մեր երկիր այցելությունների ընդհանուր քանակը 2022-ի համեմատ աճել է 40 տոկոսով, իսկ 2019-ի համեմատ՝ շուրջ 22։
2023 թվականի ընթացքում առավել շատ զբոսաշրջիկներ են եղել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Բելառուսից:
Զբոսաշրջիկներն ամենից շատ ո՞ր հուշարձաններն են այցելում․ անդրադառնալով այս հարցին՝ «Էդեն տուր» տուրիստական ընկերության տնօրեն Տաթեւ Բոբոխյանն ասում է՝ հիմնականում ցանկանում եմ տեսնել Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի վանքը, Տաթեւի վանական համալիրը, Արենիի քարանձավը (hայտնի է նաեւ «Թռչունների քարանձավ») եւ Նորավանքը, Հաղպատի, Սանահինի, Հաղարձինի վանական համալիրները, Սեւանավանքն ու Խոր Վիրապը։
«Գրին վեյ» տուրիստական ընկերության տուր-մենեջեր Կարինե Հակոբյանը եւս թվարկում է վերոնշյալ հուշարձանները՝ ավելացնելով Ջերմուկը։ Շատերին գրավում են ոչ միայն Ջերմուկի հիասքանչ բնությունն ու հուշարձանները, այլեւ բուժիչ հանքային ջուրը։
«Արտասահմանցի զբոսաշրջիկների թվում գերակշռում են ռուսախոսները եւ անգլիախոսները։ Անշուշտ, կան տարբեր խմբեր, որոնք ուղեկցում են տվյալ լեզվին տիրապետող զբոսավարներ։ Մեզ շատ են դիմում նաեւ Հայաստանում կամ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները»,- մանրամասնում է Կարինե Հակոբյանը։
Սփյուռքահայերից շատերն առաջին անգամ հայրենիք գալով՝ ջանում են մի քանի ուղղություն ունեցող (օրինակ՝ Խոր Վիրապ-Նորավանք-Տաթեւի վանական համաիր) տուրիստական փաթեթներ ընտրել, որպեսզի Հայաստանում գտնվելու օրերին հասցնեն տեսնել տեսարժան վայրերը, հուշարձաններն ու բնությունը։
Զբոսավար Գայանե Բենիամինյանը, որն ուղեկցում է ռուսախոս եւ անգլիախոս զբոսաշրջիկներին, ասում է՝ վերջին տարիներին ոլորտում գնաճ է գրանցվել։
«Որոշ թանգարանների տոմսեր թանկացել են։ Ամենաշատ այցելուներ ունեցող զբոսավայրերին եւ հուշարձաններին անդրադառնամ․ Տաթեւի ճոպանուղու երկկողմանի տոմսը նախկինում 7000 դրամ էր, իսկ հիմա՝ 9000 դրամ է։ Գառնու հեթանոսական տաճար այցելելու տոմսը նախկինում 750 դրամ էր, բայց 2023 թվականին դարձավ 1500 դրամ (իհարկե, կան խմբեր, որոնց համար սահմանված են արտոնություններ, զեղչեր)։ Տուրիստական փաթեթների գներն էլ են որոշակիորեն թանկացել վերջին տարիներին։ Այս թանկացումները կարող են նվազեցնել զբոսաշրջային այցելությունների թիվը»,- բացատրում է Գայանե Բենիամինյանը։
Զբոսաշրջիկները տարբեր նախասիրություններ ունեն․ ոմանք սիրում են թանգարաններ այցելել, ոմանք ՝ բնության գրկում լինել, լեռնագնացությամբ զբաղվել կամ լինել տարբեր ռեստորաններում ու հայկական խոհանոցի ուտեստները համտեսել։ Բայց, մեր երկիր այցելողների ճնշող մեծամասնությունը ցանկանում է այցելել հնավայրեր, տեսնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները, որոնցից մի քանիսն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում։
Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները
Հայաստանի Հանրապետության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված է 24 252 հուշարձան: 2024 թվականի հուլիսի 17-ի դրությամբ պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացել է շուրջ 800 պատմամշակութային օբյեկտ, սակայն դրանք դեռեւս չեն ընդգրկվել վերոնշյալ ցուցակներում։
Հայաստանում գտնվող պատմամշակութային հուշարձաններից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում ընդգրկված է երեք հուշարձանախումբ՝ Սանահինի եւ Հաղպատի վանական համալիրները, Գեղարդի վանքը եւ Ազատ գետի հովիտը, Էջմիածինն՝ իր եկեղեցիներով ու Զվարթնոցի տաճարը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «նախնական ցանկում» չորս հուշարձանախումբ է ներառվել՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթեւ վանական համալիրն ու Տաթեւի անապատը։
Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով պատրաստվում է հայտ՝ որպես Հայկական լեռնաշխարհին բնորոշ բացառիկ մշակութային երեւույթ, որն այլ տեղ չի հանդիպում:
Հայաստանում ի՞նչն է գրավում զբոսաշրջիկներին
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում ապրող Նաիրի Այանյանը տարբեր երկրներում է եղել, բայց իր համար Հայաստանն ամենագեղեցիկն է։
«Այստեղի լեռները, եկեղեցիները, վանքերը անկրկնելի են։ Այդպիսիք չկան աշխարհի որեւէ երկրում։ Հասցրել եմ տարբեր տեսարժան վայրեր, հուշարձաններ այցելել։ Հիացած եմ Սաղմոսավանքով, Տաթեւի վանական համալիրով, Նորավանքով, Զորաց քարերով։ Այս վայրերի մի մասն այցելել եմ զբոսաշրջային խմբերի հետ եւ գոհ եմ զբոսավարների աշխատանքից։ Կարծում եմ՝ սպասարկման որակն էլ վատ չէ Հայաստանում»,- ասում է Նաիրին։
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄէ) ապրող Անահիտ Ճուղուրյանը Հայաստանի մասին խոսելիս առաջինը ջրի մասին է պատմում։
«Ուրիշ ոչ մի երկրում այսպիսի ջուր չկա։ ԱՄԷ-ում, օրինակ, վերամշակում են ծովի ջուրը, որը, բնականաբար, այսքան համեղ չէ։ Մի քանի անգամ եմ Հայաստանում եղել։ Սովորաբար այցելում եմ հուշարձաններ։ Տպավորված եմ Գառնու հեթանոսական տաճարով, մեր եկեղեցիներներով, Լոռվա բնաշխարհով։ Բազմաթիվ երկրներում եմ եղել։ Իրենց բնությամբ ու մշակույթով ինձ հիացրել են Հայաստանը, Իտալիան, Ֆրանսիան»,- ասում է Անահիտը։
Անահիտն ասում է՝ Հայաստանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, հարկավոր է ավելի շատ պրոպագանդել մեր մշակույթը, արվեստը․ հանրահռչակումն այս հարցում մեծ դեր ունի։
«Օրինակ՝ ես իմ ընկերներին շատ եմ պատմել Հայաստանի մասին։ Ալժիրցի ընկերուհիս առաջիկայում Հայաստան է այցելելու։ Ֆեյսբուքյան ու ինստագրամյան հրապարակումներս տեսնելով՝ հիացել է Հայաստանի բնապատկերներով ու տեսարժան վայրերով»,- պատմում է Անահիտը։
Նա նկատել է, որ վերջին տարիներին Հայաստանում սպասարկման որակը բարելավվել է, բայց, այսուամենայնիվ, կան հայտնի ռեստորաններ ու սրճարաններ, որոնց աշխատակիցները չեն կարողանում ազատ հաղորդակցվել անգլիախոս այցելուների հետ։ Ըստ Անահիտի՝ սա, գուցե, առաջին հայացքից մանրուք կամ փոքրիկ անհարմարույթուն է թվում, բայց շատ կարեւոր է զբոսաշրջիկի համար։ Նա ավելի հանգիստ է զգում իրեն, երբ որեւէ տեղ է այցելում ու իր հետ վարժ խոսում են անգլերեն։ Սա բարձրակարգ սպասարկման բաղադրիչներից է։
ԱՄԷ-ում, օրինակ, սպասարկման որակը շատ բարձր է։ Յուրաքանչյուր տարի միլիոնավոր զբոսաշրջիկեր են այցելում եւ բնականաբար, երկիրն էլ միլիոնավոր դոլարների շահույթ է ունենում զբոսաշրջային այցելությունների շնորհիվ, ուստի սպասարկման որակին մեծ ուշադրություն են դարձնում, զարգացնում ենթակառուցվածքները։ Պետական մակարդակով ձեռնարկվում են բոլոր քայլերը, որպեսզի զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմաններ լինեն։
Անահիտը նկատել է՝ Հայաստանում շատ զբոսավայրեր կամ հուշարձաններ կան, որտեղ տանող ավտոճանապարհներն անբարեկարգ են։
«Որոշ հուշարձանների (օրինակ՝ Սեւանավանքի) մոտակայքում մարդիկ հուշանվերներ կամ ուտելիք են վաճառում, որը շատ տհաճ է, հակաէսթետիկ։ Կարծում եմ՝ պետք է այս երեւույթը վերացնել։ Ես դեմ չեմ, որ բիզնեսն էլ զարգացնեն, մարդիկ աշխատեն ու գումար վաստակեն, բայց դա կարելի է անել ոչ թե հուշարձանի հատուկ պահպանվող տարածքում, այլ թույլատրելի ուրիշ վայրերում։ Զարգացած երկրներում, սովորաբար, նման երեւույթներ չկան։ Հայաստանը բազմադարյա հուշարձաններ, հնավայրեր, գեղեցիկ բնություն ունի․ այս երկրի զբոսաշրջային պոտենցիալն, իսկապես, մեծ է, բայց այն պետք է զարգացնել, իսկ ոլորտում եղած թերությունները շտկել»,- եզրափակում է Անահիտը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։