Ղրղզստանում սեպտեմբերի 3-ից մինչեւ 15-ը մի անգամից կանցկացվեն ՀԱՊԿ 3 զորավարժություններ, որոնց Հայաստանը չի մասնակցի։
Ըստ ՀԱՊԿ-ի կայքէջի կանցկացվեն Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարա-շտաբային «Փոխգործակցություն-2024», հետախուզական ուժերի «Որոնում-2024» եւ նյութատեխնիկական ապահովմանն ուղղված «Էշելոն-2024» զորավարժությունները։
Դրանց կմասնակցեն Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։ Հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին։
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել նաեւ Նովոսիբիրսկում օգոստոսի 14-ից 16-ը սպասվող ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2024» զորավարժություններին։
Մի կողմից Հայաստան-Ռուսաստան, իսկ մյուս կողմից Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։