Վաշինգտոնը կարծում է, որ Մերձավոր Արևելքում բոլոր կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Վաշինգտոնում Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հետ հանդիպմանը։
«Մենք գրեթե շուրջօրյա ինտենսիվ դիվանագիտական փոխգործակցության մեջ ենք՝ պարզ ուղերձ հղելու համար. բոլոր կողմերը պետք է զերծ մնան էսկալացիայից: Բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը նվազեցնելու համար։ Էսկալացիան ոչ մեկի շահերից չի բխում։ Դա միայն կհանգեցնի նոր հակամարտությունների, բռնությունների, անվտանգության բացակայության»,-հայտարարել է Բլինկենը:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքում առաջացած լարվածությունը թուլացնելու առաջին մեծ քայլը կարող է լինել Գազայում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 2023 թվականի վերջից ընթացող պատերազմում հրադադարի հաստատումը։
«Չափազանց կարևոր է, որ մենք խախտենք այս [լարվածության] ցիկլը՝ Գազայում հրադադարի հասնելով։ Սա իր հերթին հնարավորություն կտա ավելի մեծ կայունություն հաստատել ոչ միայն Գազայում, այլ նաև այլ շրջաններում, որտեղ հակամարտությունը կարող է տարածվել։ Սրան են ուշադրություն հրավիրում ԱՄՆ-ն, տարածաշրջանի եւ դրանից դուրս գտնվող երկրները»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Խոսելով Գազայի հատվածում հրադադարի հնարավորության մասին՝ Բլինկենը հավելել է, որ «բոլոր կողմերը պետք է համաձայնության հասնելու ուղիներ գտնեն»։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։