Ֆրանսիան Ադրբեջանի դեմ անարդար գործունեություն է ծավալում ՄԱԿ-ում եւ Եվրամիությունում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Ադրբեջանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Վինտա Սոմայի հավատարմագրերը։
Ալիեւը նաեւ հայտարարել է, որ «Ֆրանսիան ցույց տվեց իր իրական դեմքը՝ Ադրբեջանի կողմից իր հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո»:
Նորանշանակ դեսպանին պատմելով, որ Ադրբեջանը արդեն չորս տարի հաջողությամբ նախագահում է Չմիավորված երկրների շարժումը, Ալիեւն ասել է, որ այս ընթացքում Բաքուն հատուկ ուշադրություն է դարձրել գաղութատիրությանը, նեոգաղութատիրությունը եւ դրա դեմ պայքարին։
«Այս համատեքստում նշելով, որ Ֆրանսիայի կողմից վարվող նեոգաղութատիրության քաղաքականությունը նողկալի զգացում է առաջացնում, պետության ղեկավարն ասել է, որ Ադրբեջանն իր ձայնն է բարձրացրել այդ քաղաքականության դեմ եւ պահանջում է անկախություն, ազատություն Ֆրանսիայի կողմից ստրկացված ժողովուրդների համար, որն արյունոտ գաղութային պատմություն ունի»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության տեքստում։
Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները լարվել են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Փարիզից հետպատերազմյան դժվարին իրավիճակում հայտնված Հայաստանին ուղղված աջակցության կոչեր հնչեցին։
Բաքվի հետ լարվածությունը էլ ավելի խորացավ, երբ Ֆրանսիան եւ Հայաստանը ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայանագիր կնքեցին։
Ադրբեջանն էլ իր հերթին Ֆրանսիային մեղադրում է՝ «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման», «Հայաստանին զինելու», «տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելու» մեջ։
Զուգահեռաբար Ադրբեջանում 2023 թվականին հիմնադրվել է Ֆրանսիայի անդրծովյան տիրույթներում գաղութատիրության դեմ պայքարի ու անկախության աջակցության համար գործուներություն ծավալով «Բաքվի նախաձեռնությունը», իսկ 2024-ին՝ «Միջազգային ազատագրական ճակատը»։
Ընթացիկ տարվա մայիսին Խաղաղ Օվկիանոսի ֆրանսիական անդրծովյան տարածք Նոր Կալեդոնիայում անջատողականների զանգվածային բողոքների ու անկարգությունների մեկնարկից հետո Փարիզը հայտարարեց, որ Ադրբեջանը դրանց կազմակերպման գործում ուղիղ դերակատարում է ունեցել։