Իրանը չի ձգտում տարածաշրջանում ճգնաժամի սրման, սակայն վճռական է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանության համար Իսրայելի դեմ պատասխան գործողություններ ձեռնարկելու հարցում։ Tansim լրատվականի փոխանցմամբ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի ձգտում ընդլայնել պատերազմի եւ ճգնաժամի շրջանակը տարածաշրջանում, բայց, անշուշտ, այս ռեժիմը (Իսրայելը-խմբ․) պատասխան կստանա իր հանցագործությունների եւ հանդգնության համար»,-ասել է Իրանի նորըտիր նախագահը եւ ավելացրել, որ Իսրայելի կողմից Թեհրանում Իսմայիլ Հանիյեի սպանությունը միջազգային օրենքների եւ կանոնակարգերի բացահայտ խախտում էր։
Փեզեշքիանը իր խոսքում նաեւ նշել է, որ ավարտվել է ԱՄՆ-ի եւ որոշ տերությունների կողմից միակողմանի գործողություններ ձեռնարկելու դարաշրջանը։
Նա նաեւ հավելել է, որ «Իրանի եւ Ռուսաստանի միջեւ բազմաբեւեռ աշխարհը խթանելու հարցում դիրքորոշումների մոտեցումը եւ համագործակցությունը, անկասկած, կուժեղացնեն համաշխարհային անվտանգությունն ու խաղաղությունը»:
Շոյգուն էլ իր հերթին, Իրանը բնութագրել է որպես Ռուսաստանի առանցքային եւ ռազմավարական դաշնակից տարածաշրջանում։
Գոհունակություն հայտնելով «բազմաբեւեռ աշխարհ» ստեղծելու եւ տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված Ռուսաստանի եւ Իրանի համատեղ ջանքերից՝ նա ընդգծել է, որ երկու դաշնակիցների միջեւ հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում։
Նշենք, որ Շոյգուն Թեհրան է այցելել հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանի եւ Իսրայելի միջեւ լարվածության կտրուկ աճի ֆոնին։