Իրաքի արեւմուտքում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազայի վրա օգոստոսի 5-ին տեղի ունեցած հարձակման հետեւանքով առնվազն հինգ ամերիկացի զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, որոնք տեղեկատվությունը տրամադրել են անանուն մնալով պայմանով։
Գործակալությանը իրաքյան անվտանգության շրջանակներից երկու այլ աղբյուրներ էլ հայտնել են, որ ավիաբազան հարձակման է ենթարկվել խորհրդային «Կատյուշա» հրթիռային համակարգերից արձակված երկու հրթիռներով:
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով ծանր վիրավորում է ստացել մեկ ամերիկացի զինվորական։ Վիրավորների մնացած թվերը հիմնված են նախնական զեկույցների վրա եւ կարող են փոխվել: Աղբյուրներից մեկը հավելել է, որ հարձակման հետեւանքով բազայի անձնակազմը գնահատում է վնասը:
Ինչպես նշում է Reuters-ը, նախորդ շաբաթ Միացյալ Նահանգները Իրաքում հարվածներ էր հասցրել, Իրանի աջակցությամբ գործող ռազմականացված խմբավորումներին, որոնք պատրաստվում էին անօդաչու թռչող սարքեր գործարկել եւ վտանգ էին ներկայացնում ամերիկյան եւ կոալիցիոն ուժերի համար։
Իրաքը մի կողմից Միացյալ Նահանգների, մյուս կողմից Իրանի դաշնակիցն է տարածաշրջանում, նշում է Reuters-ը։ Երկրում դեռեւս շարունակում է մնալ շուրջ 2500-ի հասնող զամերիկացի զինվորական խմբավորումը, եւ զուգահեռաբար գործում են նաեւ Իրանի հովանավորությամբ կազմավորված շիայական տարատեսակ ռազմականացված կազմավորումներ։
Նշենք, որ Թեհրանում հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Մերձավոր Արեւելքում իրադրությունը կտրուկ լարվել է։ Սպասվում է, որ Իրանը եւ նրա դաշնակից ուժերը լայնածավալ հարձակումներ կգործեն Իսրայելի դեմ, որին մեղադրում են Հանիեի սպանության համար։