Եվրոպացի քաղաքական գործիչները վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ միասին Վրաստանի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես նաեւ վարձկաններ ուղակել Ուկրաինա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Ազգային շարժումը» եւ ընդդիմությունը մեզ ասացին, որ մենք պետք է պատժամիջոցներ կիրառեինք, բայց «Վրացական երազանքը» ասաց՝ ոչ, քանի որ դա հավասարազոր կլինի պատերազմի մեջ ներքաշվելուն։ «Ազգային շարժման» հետ օտարները մեզ ասում էին, որ մենք պետք է պատժամիջոցներ կիրառեինք, վարձկաններ ուղարկեինք [Ուկրաինա] եւ այլն։ Այդ թվում դա մեզ ասում էին նաեւ եվրոպացիները»,-ասել է Պապուաշվիլին։
2022 թվականի փետրվարին ռուսական բանակի Ուկրաինա ներխուժելուց հետո Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։
Միաժամանակ, Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա երկիրը «Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի վերածել»։