ԵՄ խորհուրդը հաստատել է ԵՄ դեսպանների կողմից նախապես համաձայնեցված որոշումը՝ Ուկրաինային աջակցության հիմնադրամից Կիեւին մոտ 4,2 միլիարդ եվրո հատկացնելու մասին։ Այս մասին ասվում է Հունգարիայի ԵՄ խորհրդի նախագահության X-ի էջում։
«Գրավոր ընթացակարգի ավարտից հետո խորհուրդն այսօր որոշում է կայացրել կատարել մոտավորապես 4,2 միլիարդ եվրոյի առաջին վճարումը Ուկրաինայի աջակցության հիմնադրամի շրջանակներում: Այս որոշումը աջակցում է Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությանը եւ նրա պետական կառավարման գործունեությանը»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը նշել էր, որ մտադիր է այս տրանշը Կիեւին փոխանցել մինչեւ սեպտեմբեր։
Ուկրաինայի աջակցության հիմնադրամը Կիեւի ընթացիկ բյուջետային ծախսերի ֆինանսավորման ծրագիր է՝ 50 միլիարդ եվրոյի չափով, որը նախատեսված է մինչեւ 2027 թվականի վերջը: