Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին խնդրել է զսպվածություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար Իսրայելի նկատմամբ պատասխան գործողություններում, եւ նրան խորհուրդ տվել հրթիռակոծության չենթարկել իսրայելցի խաղաղ բնակիչներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկու իրանցի բարձրաստիճան պաշտոնայաներից ստացված տեղեկատվությանը։
Այդ հաղորդագրությունը, ըստ աղբյուրների, երկուշաբթի օրը փոխանցել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։
Reuters-ը նաեւ նշում է, որ Շոյգուի այցի մանրամասներին ծանոթ երկու իրանցի աղբյուրներ պատմել են Իրանի կողմից ռուսական արտադրության Ս-35 ինքնաթիռների տրամադրման համար Մոսկվայի վրա գործադրված ճնշումների մասին։
Ռուսական լրատվամիջոցները այսօր նաեւ տեղեկացրել են, որ Շոյգուն Թեհրանում քննարկել է Հանիեի սպանության հետ կապված հարցերը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մերձավոր Արեւելքում լարվածության ֆոնին Իրան էր ժամանել նախօրեին եւ հանդիպումներ էր ունեցել երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ Իրանի զինված ուժերի հրամանատար Մոհամմադ Բաղերիի, ինչպես նաեւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։