Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարն ընտրվել է կազմակերպության քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում, ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։
«Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը հայտարարում է որպես շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար հրամանատար Յահյա Սինվարի ընտրության մասին՝ հաջորդելով նահատակ առաջնորդ Իսմայիլ Հանիեին, թող Աստված ողորմի նրան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Սինվարը, ով իր չափահաս կյանքի կեսն անցկացրել է իսրայելական բանտերում, հուլիսի 31-ին Թեհրանում Հանիեի սպանությունից հետո համարվում է շարժման ողջ մնացած ամենաազդեցիկ առաջնորդը: Իսրայելի իշխանությունները կարծում են, որ նա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման գլխավոր կազմակերպիչներից էր։ Իսրայելի պաշտպանություն բանակը բազմիցս է բացեիբաց հայտարարել նրան սպանելու մտադրությունների մասին։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։