Ուկրաինական մի քանի զորամիավորումներ օգոստոսի 6-ին ներխուժել են Ռուսաստանի Կուրսկի մարզի սահմանային շրջաններ։ Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ Ուկրաինայի զինված ուժերի փոքր խումբը հատել է սահմանը «ճակատի նեղ հատվածներից մեկով» եւ մի քանի հարյուր մետր առաջ է շարժվել։
ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Рыбарь» տելեգրամյան ալիքն էլ նշում է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է ամրանալ Սուդժանսկի շրջանի սահմանային հատվածների մի քանի բնակավայրերում։ Ալիքի հեղինակ եւ վարող Միխայիլ Զվինչուկի պնդմամբ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Նիկոլաեւո-Դարինո, Դարինո եւ Սվերդլիկովո գյուղերը։ Մարտական գործողություններ ներկա պահին ընթանում են Գոնչարովկա եւ Օլեշնիա գյուղերի տարածքում։
Նշվում է, որ Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինացի զինվորականների թիվը հասնում է 400-ի, իսկ սահմանի երկայնքով տեղակայված է եւս 2000-ի զինվորական։
«Այն, ինչ կատարվում է Կուրսկի շրջանում, ցույց է տալիս, որ այդ գործողությունը երկար ժամանակ է մշակվել հակառակորդի կողմից։ Միաժամանակ, հարձակումն այս հատվածում կարող է շարունակվել առնվազն եւս մի քանի օր, հատկապես սահմանային գոտում ուկրաինական ուժերի զգալի կենտրոնացման ֆոնին»,-գրում է «Рыбарь»-ը։
Ըստ «Архангел спецназа» եւ «Два майора» ալիքների՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի Սուջա քաղաք, որն արդեն տարհանվել է։ Ենթադրվում է, որ ուկրաինական կողմի նպատակներից մեկը կարող է լինել «Սուջա» գազաչափ կայանի ոչնչացումը։
Տեղական իշխանություններն ու ՌԴ պաշտպանության նախարարությունը այլ մանրամասներ չեն հայտնում Կուրսկի շրջանում տեղի ունեցած մարտերի մասին։ Միայն նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի մինչև 300 զինծառայող 11 տանկի և ավելի քան 20 զրահատեխնիկայի աջակցությամբ գրոհել են ռուս սահմանապահների դիրքերը Կուրսկի շրջանի Նիկոլաևո-Դարինո և Օլեշնյա բնակավայրերի տարածքներում։ Գերատեսչությունը հաղորդագրության մեջ նաեւ նշել էր, որ մարտերի ընթացքում ռուս զինվորականները ոչնչացրել են ուկրաինական 16 միավոր զրահամեքենա։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն էլ հաղորդագրության մեջ նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ի առավոտյան «զինված սադրանք» են իրականացրել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի հատվածում, այդ թվում՝ գնդակոծելով Կուրսկի շրջանի սահմանային բնակավայրերը։ ԱԴԾ մամուլի հաղորդագրության մեջ նաեւ ավելացվում է, որ սահմանապահները ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների հետ «միջոցներ են ձեռնարկել զինված ագրեսիան հետ մղելու համար»։
Մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտարարել է, որ մարզը «հերոսաբար դիմադրում է ուկրաինացի նացիստների հարձակումներին», եւ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները տեղափոխվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։
Նա նաեւ նշել է, որ օգոստոսի 7-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկու անգամ հարված են հասցրել Սուդժայի շրջանին։ Առաջին դեպքում վիրավորվել է երկու երեխա, իսկ երկորդ դեպքում զոհվել շտապօգնության երկու աշխատակից եւ վիրավորվել մեկ բժիշկ։
Մարզի գլխավոր վիրաբույժ Անդրեյ Լոկտիոնովը TACC-ի հետ զրույցում նշել է, որ Ուկրաինական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 28-ի։ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ զոհերի թվում կա վեց երեխա։