Իսրայելը Միացյալ Նահանգներին գաղտնի տեղեկացրել է Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար իր պատասխանատվության մասին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը (WP)։
Ամերիկյան պարբերականի փոխանցմամբ Հանիեի մահվանից անմիջապես հետո իսրայելի ղեկավար շրջանակները անմիջապես ԱՄՆ ղեկավարությանը տեղեկացրել են, որ սպանության պատասխանատվությունը կրում է իր վրա։ Ինչպես նշվում է WP-ի հրապարակման մեջ, ամերիկյան իշխանություններն այս լուրն ընդունել են «զարմանքով եւ վրդովմունքով»՝ այն դիտելով որպես «Գազայի հատվածում հրադադարի ապահովմանն ուղղված ամիսների ջանքերի խաթարում»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը օգոստոսի 7-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները հստակ ազդակ են ուղարկել Իսրայելին եւ Իրանին, որ կողմերից որեւէ մեկը չպետք է մեծացնի լարվածությունը:
«Որեւէ մեկը չպետք է սրի հակամարտությունը։ Մենք դաշնակիցների եւ գործընկերների հետ ինտենսիվ դիվանագիտական աշխատանքով ենք զբաղվում՝ այս ուղերձն ուղղակիորեն հասցնելով Իրանին։ Այս ուղերձը մենք ուղիղ փոխանցել ենք նաեւ Իսրայելին»,- ասել է Բլինկենն Ավստրալիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա նաեւ ընդգծել է, որ հրեական պետության անվտանգության ապահովման հարցում Միացյալ Նահանգների հանձնառությունը «մնում է անսասան»։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։