Լիբանանի շիայական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլաhը հայտարարել է, որ շարժումը «անկախ սպասվող հետեւանքներից» կպատասխանի Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ «Հեզբոլլահի» հրամանատարներից Ֆուադ Շուքրի սպանությունների համար։
Նա նաեւ նշել է, որ այս ընթացքում Իսրայելին սպասեցնելը այդ «պատժի մի մասն է»:
Նասրալլահի հայտարարությունները հնչում են Ֆուադ Շուքրի սպանությունից մեկ շաբաթ անց եւ օրեր շարունակ Իսրայելի եւ Լիբանանի սահմանին ընթացող ինտենսիվ փոխհրաձգության ֆոնին, որի արդյուքնում Իսրայելում զոհվել էր 6 քաղաքացիական անձ։
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը պատասխան գործողությունների կդիմի կամ ինքնուրույն, կամ էլ այսպես կոչված դիմադրության առանցքի հետ, որը իրենից ենթադրում է Իրանի կողմից աջակցվող եւ Իրաքի, Սիրիայի ու Եմենի տարածքում գործող շիայական աշխարհազորային ռազմականացված խմբավորումների համակարգ։
«Հեզբոլլահը» կպատասխանի, Իրանը կպատասխանի, Եմենը [«Անսար Ալլահ» խմբավորումը] կպատասխանի, իսկ թշնամին սպասում եւ հետեւում է՝ յուրաքանչյուր քայլը հաշվարկելով որպես պատասխան։ Սա մեծ ճակատամարտ է, եւ դա վտանգավոր թիրախավորում էր, եւ դիմադրությունը չի կարող, ինչ հետեւանքներ էլ լինեն, դա անտեսել»,-ասել է Նասրալլահը։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։