Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կառավարության նիստին հայտարարել է, որ Կիեւը դիմել է հերթական մասշտաբային սադրանքին։
«Ինչպես գիտեք, Կիեւի ռեժիմը ձեռնարկել է եւս մեկ լայնածավալ սադրանք՝ անկանոն կրակում է տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռներից, քաղաքացիական շենքերի, բնակելի շենքերի եւ շտապօգնության մեքենաների ուղղությամբ։ Մեր հանդիպումից անմիջապես հետո ես կհանդիպեմ ուժային կառույցների՝ Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի, Անվտանգության դաշնային ծառայության, նկատի ունեմ ԱԴԾ սահմանային գոտում գործունեություն ծավալող, ղեկավարների հետ։ Եվ գործընկերներից կլսեմ հերթական զեկույցն այն մասին, թե ինչ է կատարվում Կուրսկի շրջանում»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ Կուրսկի մարզի ղեկավարությանը հանձրարականներ են տրվել քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու համար։ Նա նաեւ կառավարությանն է խնդրել անվերապահորեն զբաղվել այդ գործունեությամբ։
Հիշեցնենք, որ Ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Կուրսկի տարածք ներթափանցած ուկրաինացի զինվորականների թիվը հասնում է մինչեւ 300-ի՝ մեկ-երկու գումարտակի չափով։ Կողմերն ունեն անձնակազմի եւ ռազմական տեխնիկայի կորուստներ։ Ռուսական իշխանությունների տվյալներով տեղի բնակիչների շրջանում կան զոհեր եւ վիրավորներ։