Պաղեստինում ազգային միասնության կառավարության ստեղծման շուրջ խորհրդակցությունները կմեկնարկվեն Գազայի հատվածում պատերազմի ավարտից հետո, եւ այն պարագայում, եթե ՀԱՄԱՍ շարժումն ընդունի հաշտեցման պայմանները, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։
«Եթե ՀԱՄԱՍ-ն ընդունի ազգային հաշտեցման պայմանները, ապա Գազայում պատերազմի ավարտից հետո կսկսվեն Ազգային համաձայնության կառավարության ստեղծման վերաբերյալ իրավական խորհրդակցությունները»,-ասել է Աբբասը՝ նշելով, որ այժմ պաղեստինյան իշխանությունների առաջնահերթությունը Գազայի հատվածի մարտական գործողությունների դադարեցումն է։
«Երեք ամիս առաջ ստեղծվեց տեխնոկրատական կառավարություն՝ կազմված պաղեստինցի պրոֆեսիոնալ կադրերից, որոնք չեն պատկանում քաղաքական խմբակցություններին։ Այն կատարում է իր պարտականությունները Գազայի հատվածում մեր ժողովրդի հանդեպ նույն չափով, ինչ արեւմտյան ափում եւ Երուսաղեմում»,-նշել է Պաղեստինի ղեկավարը։
Նրա խոսքերով Պաղեստինի խորհրդարանի համընդհանուր ընտրությունները չեն կարող տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Թել Ավիվը չի ապահովել դրանց Արեւելյան Երուսաղեմի պաղեստինցիների մասնակցությունը։
Փետրվարի վերջին Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն հայտարարել էր, որ Աբբասին ներկայացրել է իր կառավարությունը հրաժարական տալու խնդրանքը։ Հրաժարականի դիմումը ներկայացվել էր պաղեստինյան խմբավորումների, այդ թվում ՀԱՄԱՍ շարժման միջեւ շարունակվող բանակցությունների ֆոնին, որոնք ուղղված են միասնական պաղեստինյան կառավարություն ձեւավորելուն: Աբբասը ընդունել էր Շթայեի հրաժարականը եւ նրան նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Մարտի կեսերին Աբբասը հրամանագրով Մուհամմեդ Մուստաֆային նշանակեց Պաղեստին պետության նոր վարչապետ եւ հանձնարարեց կառավարություն ձեւավորել։
Պաղեստինյան տարածքներում 2021 թվականին նախատեսվում էր կազմակերպել համընդհանուր ընտրություններ, սակայն դրանք հետաձգվեցին այն երբ Իսրայելը որոշեց արգելել դրանց անցկացումը Արեւելյան Երուսաղեմում, որը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի համաձայն, պետք է դառնա անկախ Պաղեստին պետության մայրաքաղաքը։