ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով բանավիճելու է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, գործող փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։
«Ես անհամբեր սպասում եմ բանավեճին, քանի որ կարծում եմ, որ մենք պետք է հստակություն մտցնենք իրադրության մեջ», — ասել է Թրամփը Մար-ա-Լագոյի իր առանձնատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հարրիսը նույնպես հաստատել է բանավեճին մասնակցությունը։ Դետրոյթում լրագրողների հետ զրույցում նա նշել էր․ «Ուրախ եմ, որ նա վերջապես համաձայնել է: Ես անհամբեր սպասում եմ դրան եւ հուսով եմ, որ նա վերջապես կհայտնվի»:
Թրամփը ավելի վաղ պնդել էր, որ բանավեճ անցկացվի սեպտեմբերի 4-ին Fox News-ի միջոցով, քանի որ դատական գործընթացների մեջ է ABC-ի եւ ցանցի հաղորդավար Ջորջ Ստեֆանոպուլոսի հետ։ Իր հերթին, Հարիսի նախընտրական շտաբը Թրամփին կոչ է արել հարգել սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով բանավեճի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Հունիսի վերջին CNN-ում տեղի ունեցավ բանավեճ Թրամփի եւ Ջո Բայդենի՝ ԱՄՆ ներկայիս նախագահի միջեւ, ով պատրաստվում էր վերընտրվել նոր ժամկետով։ Բայդենի համար բանավեճը անհաջող էր եւ նա իր կուսակիցների բազմաթիվ հորդորներից հետո դուրս եկավ ընտրապայքարից, իսկ փոխնախագահ Հարիսը դարձավ դեմոկրատ թեկնածու: