Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն երեք օր շարունակվող մարտական գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք եւ գերեվարել հարյուրավոր ռուս զինվորականների։ Այս մասին The Washington Post-ի հետ զրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականը՝ անանուն մնալու պայմանով։
Աղբյուրը նաեւ պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գրավել են «Սուջա» գազի չափիչ կայանը, որով գազը Ուկրաինայի տարածքով տարանցվում է դեպի Եվրոպա։ Կայանի ուկրաինական բանակի վերահսկողության տակ անցնելու մասին դեռ օգոստոսի 7-ին գրել էին նաեւ ռուսական տելեգրամյան ալիքները, այդ թվում եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Рыбарь»-ը։
Ըստ The Washington Post-ի ենթադրությունների, որոնք հիմնված են ռուս պաշտոնյաների եւ ռազմական բլոգերների հայտարարությունների վրա, Կուրսկի մարզում հարձակողական գործողությունների մեջ ներգրավված են մոտ հազար ուկրաինացի զինվորներ «էլիտար գրոհային բրիգադներից՝ հագեցված ամերիկյան եւ գերմանական զրահամեքենաներով ու տանկերով»:
Ուկրաինական հարձակումը «ավելի հաջող էր, քան ակնկալում էին Կիեւի շատ պաշտոնյաներ», գրում է պարբերականը: Այժմ Կիեւը Վաշինգտոնից թույլտվություն է խնդրում, որպեսզի Ուկրաինայի Զինված ուժերը հեռահար ATACMS հրթիռները օգտագործեն այն օդանավակայանները ռմբակոծելու համար, որոնք օգտագործվում են հարձակվող ուրակիանական զորքին պատասխան ավիացիոն հարվածներ հասցնելու համար: Դա, ինչպես կարծում են Կիեւում, թույլ կտա պահպանել վերահսկողությունը Կուրսկի մարզի մի մասի վրա։
«Դա Ռուսաստանի հետ բանակցությունների համար անհրաժեշտ լծակներ կտա, սա է խնդիրը», — ասել է Զելենսկիի խորհրդականը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ Կրեմլը չեն մեկնաբանել գերեվարված ռուս զինվորականների մասին տեղեկությունները։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։