Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի իշխանությունները Իսրայելին եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել վերսկսել Գազայի հատվածում հրադադարի եւ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ պատանդառված իսրայելացիների ազատ արձակման շուրջ բանակցությունները։
«Մենք կողմերին կոչ ենք արել օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում շտապ վերսկսել բանակցությունները, որպեսզի վերացվի մնացած բացերը եւ մեկնարկի համաձայնագրի կյանքի կոչումը առանց որեւէ ձգձգումների»,-ասվում է համատեղ հայտարարության տեքստում։
Բանակցությունների անհապաղ վերսկսման կոչը հնչում է մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին, որը սկսվել էր նախորդ ամսվա վերջին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։
«Հեզբոլլաը» կտրականապես հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս շաբաթ Իրանին եւ Իսրայելին կոչ էր արել խուսափել Մերձավոր Արեւելքում հասունացող էսկալացիայից:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Սպիտակ տունը վրդովված է Հանիեի սպանության փաստից, քանի որ տեղի ունեցածը կարող է ձախողել Գազայում զինադադարի շուրջ բանակցությունները, որոնք վերջին շրջանում լուրջ առաջընթաց էին գրանցել:
Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ –ի հայտարարության մեջ նշվում է․ «Մեր երեք թիմերը ամիսներ շարունակ անխոնջ աշխատել են՝ հասնելու շրջանակային այն համաձայնագրին, որն այժմ սեղանին է։ Մնում է միայն ավարտել դրա իրականացման հետ կապված մանրամասները։ Այս համաձայնագիրը հիմնված է 2024 թվականի մայիսի 31-ին [ԱՄՆ] նախագահ Ջո Բայդենի ներկայացրած սկզբունքների եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատած 2735 բանաձեւի վրա։ Այլեւս անթույլատրելի է ժամանակի կորուստը եւ հետագա ձգձգումների արդարացումները։ Ժամանակն է ազատ արձակել պատանդներին, սկսել զինադադար եւ կյանքի կոչել այս համաձայնագիրը»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից արդեն հայտնել են, որ իսրայելական պատվիրակությունը բանակցությունների կմեկնի օգոստոսի 15-ին։
«ԱՄՆ-ի եւ միջնորդների առաջարկին համապատասխան՝ Իսրայելը օգոստոսի 15-ին բանակցողների պատվիրակություն կուղարկի այն վայր, որը նախապես կորոշվի՝ մանրամասները վերջնական տեսքի բերելու եւ շրջանակային համաձայնագրի կյանքի կոչման համար»,-ասվում է իսրայելական կողմի հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դեռեւս իրենց մեկնաբանությունը չեն տվել։