Մեքսիկայի ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մերժել է Ուկրաինայի խնդրանքը՝ ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա երկիր ժամանի հոկտեմբերի 1-ին երկրի հաջորդ ղեկավարի երդմնակալության արարողությանը։
Օգոստոսի 8-ին Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը հրապարակել էր Մեքսիկայի իշխանություններին ուղղված նամակի բովանդակությունը, որում խնդրում էր ձերբակալել Պուտինին։
Դրանում մասնավորապես նշվում էր, որ Մեքսիկան նոր նախագահ Կլաուդիա Շայնբաումի երդմնակալությանը հրավիրում է բոլոր երկրների ներկայացուցիչներին, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ ունի՝ միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ Պուտինի կալանավորման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդեր կա, որի իրավասությունը ճանաչում է Մեխիկոն։
«Հուսով ենք, որ Մեքսիկայի կառավարությունը տեղյակ է այն փաստի մասին, որ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է, ով կասկածվում է ուկրաինացի երեխաների առեւանգման եւ Ռուսաստան հարկադիր արտաքսման մեջ, ում ձերբակալման օրդերը տրվել է Միջազգային քրեական դատարանի կողմից, որի իրավասությունն ընդունում է Մեքսիկան»,-ասվում է Ուկրաինայի դեսպանատան նամակում եւ ավելացվում․ «Հուսով ենք նաեւ, որ Մեքսիկան կիրագործի մօջազգային օրդերը եւ կհանձնի վերեւում հիշատակվածին Հաագայի ՄԱԿ դատական մարմնին»։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսն էլ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է, որ Մեքսիկան չի կարող գնալ նման քայլի։ «Մենք չենք կարող դա անել: Դա մեզանից կախված չէ»,- հայտարարել է նախագահը, որը մեջբերում է Reuters-ը։
2023 թվականի մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Նա կասկածվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին Ռուսաստան արտաքսելու մեջ։ Նման որոշում է կայացվել նաեւ Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։
Ռուսաստանը ՄՔԴ իրավասությունը չի ճանաչում։