Իմ գործընկեր Վահրամ Աթանեսյանը ՖԲ-ի իր էջում օրերս մի գրառում է արել, որով քննադատում է հայրենական «պատասխանատու» լրատվամիջոցներին եւ քաղաքագետներին Իլհամ Ալիեւի ներկայացուցիչ Ամիրբեկովի խոսքը տիրաժավորելու համար։
Ադրբեջանական նարատիվները՝ հորթի խանդավառությամբ, տարածելու եւ բազմապատկելու պրակտիկային ես էլ եմ դեմ, հատկապես երբ դրանք միտված են ներքաղաքական գործընթացներ կարգավորելուն, բայց չեմ կարող չնկատել, որ հարգելի գործընկերս՝ գուցե հուզական շարժառիթներով, արել է անհամոզիչ համեմատություն։
Ամիրբեկովը հայ ժողովրդին հեգնել էր պարտված Նիկոլ Փաշինյանին վերընտրելու համար, իսկ գործընկերս նրան հիշեցնում է, որ առաջին պատերազմում վեց շրջան կորցրած Հեյդար Ալիեւը ոչ միայն երկու անգամ նախագահ է ընտրվել, այլեւ պաշտոնապես հռչակվել «ազգի հայր եւ առաջնորդ»:
«Ցանկացած նորմալ երկրում նման մարդու գերեզմանը կարժանանար անեծքի, մինչդեռ Ադրբեջանում ամեն քայլափոխի Հեյդարի արձաններն են»,- գրում է Աթանեսյանը:
Սա ինձ հիշեցրեց 2021 թվականի Ֆեյսբուքյան իմ գրառումներից մեկը։ Մեջբերեմ Ադրբեջանին վերաբերող հատվածը.
«Հարեւան Ադրբեջանը ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության շրջանում ոչ միայն Լեռնային Ղարաբաղը չկարողացավ հետ ստանալ, այլեւ կորցրեց սեփական տարածքներ։ Ադրբեջանցիները գնացին առաջին հերթին հրդեհը մարելու բնական ճանապարհով ու Նախիջեւանից հրավիրեցին ղեկավարման (սովետական, նոմենկլատուրային) մեծ փորձ ունեցող Հեյդար Ալիեւին։ Ալիեւն ադրբեջանական պետության իմունիտետն էր եւ թույլ չտվեց, որ պարտությունը վերածվի գոյավիճակի»։
Ուրեմն՝ ադրբեջանցիները չէին կարող անեծքով հիշել Հեյդար Ալիեւին, որը, 1993 թվականի ամռանը գալով իշխանության, ճիշտ է, հետ չբերեց իր երկրի կորցրածը, ինչ-որ հատվածներ էլ ինքը կորցրեց, բայց արեց կարեւոր մի բան՝ կարողացավ հասնել հրադադարի, որը տեւեց 26 տարի 4 ամիս եւ ի վերջո հանգուցալուծվեց Ադրբեջանի հաղթանակով։
Կարո՞ղ էին ադրբեջանցիները ընտրել, վերընտրել այս մարդուն, նրա գերեզմանը չնզովել, արձաններ բարձրացնել, անշուշտ կարող էին, որովհետեւ նա իր երկրին ու ժողովրդին շունչ քաշելու հնարավորություն էր տվել։ Իսկ Ադրբեջանի համար շունչ քաշելը նշանակում էր մտնել նավթային գլոբալ ծրագրերի մեջ։
Արդյունքը չուշացավ։ Տասներկու տարի անց՝ 2006-ի հուլիսի 13-ին սկսեց գործել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, որն, ի դեպ, կրում է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի անունը։
Այսինքն՝ պարտության դառնությունն ըմպած Ալիեւը գիտեր, որ ունի մեկնակետ, որտեղից սկսելու է իր երկրի վերածնունդը։ Գիտեր, որ ինքը հետաքրքիր է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ ԱՄՆ-ին, թե՛ Եվրոմիությանը, թե՛ Մեծ Բրիտանիային, Թուրքիայի մասին՝ էլ չասած։
Այսուհանդերձ, իմ տպավորությամբ, Հեյդար Ալիեւն ավելի հակված էր խաղաղ կարգավորման կամ գոնե այդպես ներկայացնում էր իրեն։
Նա գիտեր, որ նշված բոլոր տերությունների ու երկրների հետ կարող է խաղեր տալ կամ, իրենց բառով՝ մեյխանայի ասպարեզ բացել եւ յուրաքանչյուրից ստանալ այնքան, ինչքան հնարավոր է։
Նույն այս ժամանակահատվածում ի՞նչ էինք անում մենք՝ բացի քաղաքական քնի մեջ Բաքվի գրավմամբ երազախաբ լինելուց, բացի «Կիլդիմ» կոչվող ցածրորակ մուլտեր նկարելուց, բացի անալիծիկ դատողություններից, թե հեսա-հեսա Բաքվի նավթը պրծնումու ա, բացի հույս փայփայելուց, որ Ռուսաստանը պատերազմ թույլ չի տա։
Եվ ի՞նչ ունեցանք թեթեւամիտ այս վարքի արդյունքում։ Ունեցանք մեզ պարտադրված տեխնոլոգիապես նոր պատերազմ։ Եվ չունեցանք պատերազմը կանխելու կամ ժամանակին, անցավ եւ անկորուստ կանգնեցնելու կամք։
Հիմա ի՞նչ… Պարտվածին պարտվածի հետ համեմատելով՝ մենք էլ պետք է Նիկոլ Փաշինյանի արձաննե՞րը բարձրացնենք, թե՞ նրանից հաշիվ պահանջենք պետության ու ժողովրդի ջախջախման համար։
Իսկ չպե՞տք է արդյոք մտածենք, թե ոնց եղավ, որ իմունիտետի իրենց փնտրտուքի մեջ ամենաօրհասական պահերին Բաքուն եւ Թբիլիսին՝ համապատասխանաբար, գտան Ալիեւին եւ Շեւարդնաձեին, իսկ մենք չուզեցինք լսել մեր հաղթանակները կերտած նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն անգամ։ Չէ՞ որ քաղաքական առողջ մտքից, դիվանագիտական սթափ հմտությունից բացի՝ այլ ռեսուրս չունեինք եւ չունենք։
Բանական մեր անելիքն անելու փոխարեն այսօր Իլհամ Ալիեւի ներկայացուցչին հիշեցնում ենք Ադրբեջանի երբեմնի պարտությունը, երբ զրոյացված է մեր պետական իմունիտետը, որը, չգիտես ինչու՝ վաճառվում է «ինքնիշխանություն» պիտակով, երբ կողմերից մեկին դուր գալու համար մյուսի հետ փչացնում ենք հարաբերությունները, երբ դարձել ենք հանապազորյա ունկ չորս հարեւաններից երկուսի սպառնալիքներն ու նվաստացնող հայտարարությունները լսելու համար։ Եվ ամենակարեւորը՝ երբ չունենք այն, ինչը սնապարծորեն կոչում ենք՝ «հայի հետին խելք»։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։