ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մեկնարկի 16-րդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում իր հիասթափություն է հայտնել երկրի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման վերաբերյալ։
«Ես հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, որոնց օրինակն է Կրեմլի օրինակով արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքը եւ վրաց պետական պաշտոնյաների կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին»,-ասվում է Բայդենի նամակի տեքստում, որը Զուրաբիշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Նամակում ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծում է վրաց ժողովրդի հստակ արտահայտված կամքը, որը շարունակում է արտահայտել եվրոատլանտյան ձգտումները։
«Միացյալ Նահանգները ողջունում է վրաց ժողովրդի անսասան նվիրվածությունը այնպիսի ժողովրդավարական ապագային, որում քաղաքացիական հասարակությունը զգալի ներդրում ունի՝ արտահայտելով տարբեր տեսակետներ»,-ասվում է նամակում։
Դրանում Բայդենը նաեւ հավելում է, որ ՆԱՏՕ-ի անդամները նույնպես հավատարիմ են վրաց ժողովրդի ձգտումներին։
«Երկկողմ հարաբերությունների 32 տարիների ընթացքում Վրաստանը եւ Միացյալ Նահանգները միասին աշխատել են՝ պաշտպանելու խաղաղությունը, կայունությունը, ազատությունը եւ մարդու իրավունքները։ Այս ընդհանուր արժեքները միավորում են մեր երկրները, եւ ես գիտեմ, որ այդ արժեքները կմիավորեն մեր ժողովրդին ապագայում»,-ասվում է ԱՄՆ նախագահ Բայդենի նամակում։