Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Կուրսկի մարզում տիրող իրադրության վերաբերյալ օգոստոսի 9-ին տարածած հաղորդագրության մեջ առաջին անգամ հայտարարում է, որ մարզի տարածք օգոստոսի 6-ից ներխուժած ուկրաինական բանակի դեմ ռազմական գործողությունները ընթցնում են Սուջանսկի քաղաքի մատույցներում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հյուսիս» բանակային միավորման եւ ժամանող ռեզերվների գործողությունների, ինչպես նաեւ ավիացիոն եւ հրետանային հարվածների միջոցով հնարավոր է եղել կասեցնել դեպի երկրի խորքը Կուրսկի ուղղությունով հակառակորդի ներթափանցելու փորձերը։
Ըստ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության, Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմն ու տեխնիկան խոցվել են Սուդժանսկի շրջանի Դարինո, Գոգոլեւկա, Մելովայա բնակավայրերի եւ Սուջա քաղաքի արեւմտյան ծայրամասերի մոտ, ինչպես նաեւ Կուրչատովսկի շրջանի Նիկոլսկո բնակավայրի մոտակայքում։
«Յուժնիի շրջանում բանակային ավիացիայի հարվածով ոչնչացվել է Stryker հինգ զրահափոխադրիչ, իսկ Մարտինովկա [Սուդժանսկի շրջան] բնակավայրի տարածքում՝ Ուկրաինայի զինված ուժերի շարասյունը՝ բաղկացած մեկ տանկից, չորս զրահափոխադրիչից եւ «Կոզակ» զրահապատ մարտական մեքենայից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ինչպես հայտարարել է պաշտպանության նախարարությունը, ռուսական ավիացիոն եւ հրթիռային ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզում գտնվող ուկրաինական զինված ուժերի ռեզերվներին։
Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 280 զինվորական եւ 27 զրահամեքենա, այդ թվում՝ չորս տանկ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։