Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր Վաշինգտոնի ավելի վաղ հնչեցրած կոչի համաձայն չեն լքել Լիբանանը, խորհուրդ է տվել պատրաստվել երկար ժամանակով ապահով վայրում ապաստանելուն։
«Մենք խորհուրդ ենք տալիս, որ ԱՄՆ այն քաղաքացիներին, ովքեր նախընտրում են չլքել Լիբանանը, պատրաստեն արտակարգ իրավիճակների ծրագիր եւ պատրաստ լինեն երկար ժամանակով ապաստան գտնել անվտանգ վայրում»,-ասվում է դեսպանատան X-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Առնվազն 15 պետություններ ավելի վաղ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը։ Մեծ Բրիտանիան էլ տարհանեց Բեյրութում իր դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին։ Բազմաթիվ արտասահմանյան ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի երկիր։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։