Ռուսաստանի Կուրսկի մարզի տարածքում ուկրաինական բանակի հարձակողական գործողությունների ընթացքում օգտագործվում են զրահապատ մարտական մեքենաներ, որոնք տրամադրվել են Կիևին ԱՄՆ-ի և նրա արևմտյան գործընկերների կողմից, ինչը չի հարուցել Ջո Բայդենի վարչակազմի առարկությունը՝ չնայած ամերիկյան զենքի օգտագործման համար դրված նախկին սահմանափակումներին: Այս մասին գրում է The Washington Post-ը։
Բայդենի վարչակազմը նախօրեին հայտարարել էր, որ ամերիկյան զենքը կարող է օգտագործվել ռուսական տարածքում ուկրաինական բանակի կողմից ներկայիս հարձակողական գործողության ընթացքում, քանի որ, ըստ Պենտագոնի, այդ հարվածներն իրականացվում են ապագա հարձակումները կանխելու համար։
«Սա [ամերիկյան զենքի օգտագործումը] համահունչ է ԱՄՆ քաղաքականությանը, և մենք ի սկզբանե աջակցել ենք Ուկրաինային՝ անդրսահմանային հարձակումներից պաշտպանվելու հարցում […]։ Նրանք [ուկրաինացի զինվորականները] հարձակումներից պաշտպանվելու համար միջոցները ձեռնարկում են այն շրջաններից, որոնցում ըստ ԱՄՆ քաղաքականության թույլատրելի է կիրառել մեր զենքը», — լրագրողներին ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը:
Նա նաեւ հավելել էր, որ չնայած Վաշինգտոնը հավանություն չի տալիս Ռուսաստանի տարածքի ներսում հեռահար հարվածներ հասցնելուն, այնուամենայնիվ սահմանային հատվածներից հասցվող հարվածներին ուկրաինացիները պետք է կարողանան պատասխանել, եւ դա այժմ կատարվում է։
Գերմանացի պաշտոնյաները նույն կերպ են գնահատել Կուրսկի մարզում շարունակվող հարձակողական գործողությունները։ Պաշտպանության նախարարության խոսնակը Washington Post-ին ասել է, որ Բեռլինի հայտարարված նպատակն է «աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսորից պաշտպանվելու հարցում», և մատնանշել է նախկինում հնչեցրած այն հայտարարությունները, որոնք հաստատում են «միջազգային իրավունքի համաձայն Ուկրաինայի իրավունքը՝ այդ հարձակումներից պաշտպանվելու հարցում»: