Արտավանի տեղը քարտեզի վրա չիմանալուց մինչեւ աշխարհի քարտեզի տեսքով լճի համար այնտեղ հասնելը մի քանի տարվա հետեւողական աշխատանք է պահանջել։ Վայոց ձորի Վայք համայնքի այս փոքրիկ սահմանամերձ գյուղի ճանապարհից հիմնականում բնակիչներն էին օգտվում, հաճախ՝ Արտավանից հեռանալու նպատակով։
Ամեն ինչ փոխվեց, երբ հենց գյուղացիները որոշեցին պահպանել այն բնությունը, որի մեջ ապրում են։ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) 2017 թվականից է սկսել գյուղում գործունեություն ծավալել։ Խնդիր են ունցել նպաստելոu մարդ-վայրի կենդանի անվնաս համակեցությանը։
Արտավանցի Գառնիկ Գեւորգյանը հեղափոխական գաղափարին առաջինը հավատացողներից է եղել։ Սկսել է համագործակցել հիմնադրամի հետ՝ մնալով գյուղում։ 2023-ին էլ հիմնադրել է «Արտավան» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությունը (ՀԿ), որը եւս ֆինանսավորում է WWF-ը։ Արտավան եւ Սարավան գյուղերի որոշ տարածնքերում ՀԿ-ն զբաղվում է կարմիրգրքային կենդանատեսակների, ծառատեսակների, բուսատեսակների պահպանությամբ։
Այդ տարածքի ամենավտագնված տեսակներից են գորշ արջը, վայրի խոզը, լուսանը, գորշուկը, բեզոարյան այծյամը (կենդանիների քանակն այդ բնակավայրում էապես ավելացել է), եվրոպական այծյամը, որը 2019-ից է բնակվում Արտավանի տարածքում (արդեն 8 առանձնյակ կա)։
«Ներկայումս ՀԿ-ն ունի մեկ ամենագնաց ավտոմեքենա եւ ֆոտոթակարդներ, լուսանկարչական սարքեր, հեռադիտակներ։ Ֆոտոթակարդները տեղադրվում են կենդանիների հաշվառման, շարժին հետեւելու նպատակով։ Կատարվում են մշտադիտարկման աշխատանքներ՝ որսագողությունը կանխելու, տարածքում վիրավոր կենդանիներ գտնելու եւ այլ միջոցառումների իրականացման համար»,-«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Գառնիկ Գեւորգյանը։
Հատուկ նախատեսված երթուղիներ կան, որպեսզի մարդիկ կենդանիներին չանհանգստացնեն, չհայտնվեն դրանց բնակատեղիներում հատկապես ծնի ժամանակահատվածում։
Մի քանի տարվա ընթացքում գյուղում թե՛ ներքին տուրիզմի, թե՛ արտերկրից ժամանողների քանակն էապես աճել է։ Առաջին տարվա՝ 2017-ի ընթաքցում Հայաստանի այլ քաղաքներից, բնակավայրերից Արտավանում մինչեւ 300 այցելու է եղել, արտերկրից՝ մոտ 200։ Կորոնավիրուսի պատճառով եղավ կտրուկ անկում, հետո վերականգնվեց։
Հաջորդ հարվածը եղել է 2022 թվականին Ջերմուկում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետեւանքով։ Նվազել է հատկապես արտերկրից հյուրերի հոսքը, բայց բնակիչներն արդեն դրական տեղաշարժ են նկատում։ Այժմ Հայաստանից տարեկան մինչեւ 1000 այցելու են ունենում, արտերկրից՝ 300։ Այդպիսի շաբաթ-կիրակի չկա, որ գոնե 2-3 մեծ ավտոբուսով գյուղը հյուրեր չընդունի։
Արդյունքում Բնության պահպանության հիմանդրամի աջակցությամբ գյուղում հյուրատներ են ստեղծվել, վրանատեղի է առանձնացվել, տարատեսակ արշավներ են կազմակերպվում։ Սահմանամերձ բնակավայրը կարճ ժամանակում վերածվել է զբոսաշրջային ակտիվ գոտու։
Արտավանցի Դուստրիկ Գալստյանը լավ է հիշում հեռավոր 2005-ը, երբ ինքն էլ առաջարկել էր օգտվել իրենց ունեցած բնական ռեսուրսներից՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։ Այն ժամանակ դա բացառիկ բան էր։ Այժմ արդեն մեր զրուցակիցը բնակավայրի երեք հյուրատներից մեկի՝ «Զարթոնք»-ի սեփականատերն է։
«Հյուրերին գիշերակաց ու երեքանգամյա սնունդ ենք առաջարկում, արժեքներն էլ շատ մատչելի են։ Շատ գոհ գնում են ու հաճախ նույն մարդիկ վերադառնում են»,-ասում է տիկին Դուստրիկը՝ նշելով, թե գյուղի բոլոր բնակիչներն էլ որեւէ կերպ եկամուտ են ունենում։
Այցելուները մեկից՝ պանիր, մյուսից՝ բանջար են գնում, երրորդը արշավական խումբ է ուղեկցում, չորրորդը՝ տրանսպորտային ծառայություն մատուցում։
Գյուղը որդեգրել է կանաչ բնության փոխարեն «կանաչ» տեխնոլոգիաներին դիմելու ճանապարհը՝ կենցաղն ու առօրյան կազմակերպելու համար։ Հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ 80 տնտեսություն ջրատաքացուցիչներ է ստացել։ Գիշեր-ցերեկ տաք ջրի առկայությունը կրճատել է նաեւ ծառահատումների քանակը, ինչի պատճառը նաեւ բնական գազ չունենալն է։ Շատերն էլ սկսել են արեւային կայաններ տեղադրել։
Գառնիկ Գեւորգյանն ասում է՝ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ համայնքային մտածողությունն է էապես փոխվել։ Մարդիկ համոզվել են, որ իրար օգնելով կարող են արդյունքի հասնել, իսկ բնությունը պահպանելը միմիայն իրենց կյանքի որակն է բարձրացնելու։ Արդեն ամբողջ գյուղն է պայքարում որսագողության դեմ․ հենց գյուղացիները՝ անկախ ՀԿ-ի կամ հիմնադրամի աշխատակից լինել-չլինելուց, գյուղ մտնող կասկածելի ավտոմեքենաները կանգնեցնում, հարցուփորձ են անում։ Թե որսի կասկած են նկատում, միանգամից արձագանքում են՝ դա որսագողերի տեղը չէ, իզուր են հասել։
Առաջիկայում նպատակ կա գյուղում ընտանի կենդանիների ապահովագրության համակարգ ներդնելու։ Եթե վայրի կենդանիները վնասեն ընտանիներին կամ մեղվափեթակները, գյուղացին ամբողջական փոխհատուցում կստանա։
Արտավանցիները հույս ունեն, որ իրենք փոքրիկ գյուղի օրինակը վարակիչ կդառնա մյուսների համար։ Հենց այդպես կսկսեն մարդն ու վայրի կենդանին ներդաշնակ ապրել՝ նպաստելով միմյանց կյանքի որակի բարելավմանը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: