Երեւանում հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը տեղի ունեցավ կուրություն ունեցող անձանց շախմատի մրցաշար, որին մասնակցեցին տեսողությունից հաշմանդամություն ունեցող 14 շախմատիստներ:
Կույրերի շախմատի մրցաշարը եզակի իրադարձություն է, որտեղ շախմատիստները պայքարում են առանց տեսնելու, հիմնվելով բացառապես իրենց մտքի, հիշողության եւ ռազմավարական մտածողության վրա:
Շոշափելով խաղաքարերը մասնակիցները հասկանում են, թե որ դիրքում են, ինչ փուլում է խաղը եւ ինչ պետք է անեն հաջորդիվ, միաժամանակ հաշվի առնելով խաղի բոլոր հնարավոր կոմբինացիաները։
Այս տարվա հաղթողներն էին՝
1-ին տեղ — Յուրիկ Ավետիսյան
2-րդ տեղ — Էդիկ Միրզոյան
3-րդ տեղ — Լյուդվիգ Ղարիբյան
Վերջում հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով եւ հավաստագրերով, ինչպես նաեւ ստացան դրամական պարգեւներ։
Այս մրցաշարերում շախմատիստներն ապացուցում են, որ տեսողական խոչընդոտը չի կարող կասեցնել նրանց հաղթելու ձգտումը։ Կույր շախմատիստների մրցաշարը ոչ միայն մտավոր ուժի եւ հմտության մասին է, այլեւ ցույց է տալիս խաղացողների տոկունությունը։ Ոմանք խաղերին հասնելու համար արթնանում էին վաղ առավոտյան եւ կիլոմետրեր կտրելով հասնում էին Երեւան, որպեսզի վայելեն խաղի լարված ժամերը։
Լուսանկարները՝ Օլգա Կրավչենկոյի, տեքստը՝ Աստղիկ Հովհաննեսովի