ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական մրցապայքարից դուրս գալուց հետո CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջին անգամ բացատրել է նման որոշման պատճառները։
Նախագահը նշել է, որ ընտրապայքարից դուրս գալու առաջին պատճառը Դեմոկրատական կուսակցությանը իր հիմնական խնդիրը կատարելու հարցում չխանգարելու ցանկությունն էր, որը ենթադրում է Դոնալդ Թրամփի դեմ հաղթանակ եւ Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունը պահպանում։
«Հարցումները ցույց էին տվել,որ մենք հավասար պայքարի մեջ ենք եղել, այն շարունակվելու էր մինչեւ վերջին պահը։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, այն էր, որ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի իմ մի շարք դեմոկրատ գործընկերներ որոշեցին, որ ես կարող եմ վնասել իրենց ընտրություններում: Եվ ես անհանգստանում էի, որ եթե ես մնամ մրցավազքում, սա կդառնա մրցավազքի թեման: Դուք ինձ հետ հարցազրուցի ժամանակ կհարցնեիք, թե «ինչու է Նենսի Փելոսին ասում այսպես եւ այնպես», կամ «այս ինչ ու այն ինչը»: Եվ ես որոշեցի, որ դա շեղելու է: Սա առաջինն է»,-նշել է Բայդենը։
Երկրորդ նկատառումը, ըստ ԱՄՆ նախագահի, այն էր, որ նույնիսկ իր առաջին նախագահական ժամկետի սկզբում նա կարծել էր, որ կդառնա «անցումային նախագահ» եւ էստաֆետը կփոխանցի հաջորդ սերնդից որեւէ մեկին։
«Ինձ համար ամենակարեւոր խնդիրը դեռեւս, ժողովրդավարության պահպանումն է, եւ ես չեմ կատակում։ Որովհետեւ, չնայած նախագահ լինելը մեծ պատիվ է, ես կարծում եմ, որ իմ պարտքն է երկրի առաջ անել ամենակարեւոր բանը, որը կարելի է անել, եւ այդ է կարեւոր բանը այն է, որ մենք պետք է հաղթենք Թրամփին»,-հավելել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը հուլիսի 24-ին՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուց երեք օր անց ժողովրդին ուղղված ուղերձում խոսել է ժողովրդավարությունը փրկելու անհրաժեշտության մասին։